հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Կինս էդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ»․ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար

«Կինս էդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ»․ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար

«Ես ամուսնացել եմ ավելի վաղ, քան որևէ պետական պաշտոն եմ ստանձնել, և կինս էդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ։ Կուզենայի նաև շեշտել, որ հենց առաջին իսկ հայտարարագրում ես էդ գումարները ևս հայտարարագրել եմ», ֊ լրագրողների հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանը փորձել է բացատրել իր եկամուտների ծագումը։

Այսպիսով, Քարամյանը փոփոխել է իր՝ նախկինում արված հայտարարությունը, նաև ասել, որ պաշտոնյան, այնուամենայնիվ, հաշվետու է հանրության առջև։

Ավելի վաղ ֆեյսբուք սոցցանցի իր էջում նա գրել էր, թե տասնյակ միլիոնավոր դրամներն ու մի քանի տասնյակ հազար դոլարն ստացել է արտերկրում ապրող քեռուց և ՌԴ֊ում արտագնա աշխատող բարեկամներից։ Տվյալ պարզաբանումը, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, բազմաթիվ ծաղրական մեկնաբանությունների տեղիք էր տվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կփորձի պարզել Քարամյանից՝ ինչպես է նա կուտակել այդ գումարները։ Լրագրողների հարցին, արդյոք վարչապետն իրեն դիմել է, ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարը, մասնավորապես, պատասխանեց, որ իր և վարչապետի միջև ունեցած խոսակցությունը հրապարակման ենթակա չէ։

Քարամյանի խոսքով՝ նա հայտարարագրել էր և՛ անշարժ ու շարժական գույքը, և՛ դրամական միջոցները․ «Դա չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, ինչը պաշտոնատար անձի համար հաշվետու լինելու հիմնական ցուցանիշն է։ Եթե ձևավորվել է կյանքի այլ ոլորտներում, որը ներառում է անձնական կյանքը, այդ առումով այլևս ասելու որևէ բան չունեմ»։

Նա նաև հրաժարվել է հայտնել՝ որտեղից այդ կարողությունն իր կնոջ մոտ։ «Ես իմ անձնական կյանքը չեմ պատրաստվում քննարկել էս համատեքստում», – եզրափակել է Քարամյանը։