Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է վարակվածության 350 նոր դեպք, 352 հոգի ապաքինվել է, 8 հոգի՝ մահացել․ 6-ը՝ կորոնավիրուսային հիվանդությունից, 2-ը՝ այլ պատճառներով, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Հունիսի 9-ի առավոտյան տվյալներով՝ Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպք, որոնցից 4 451-ը` առողջացած, 291-ը՝ մահվան ելքով․ 217 հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 74 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են. «Պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Փաստացի բուժվում է 8 933 մարդ: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 71 405 (1405 թեստ վերջին մեկ օրում):
Երեկ երեկոյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր՝ այս պահի դրությամբ երկրում կա 403 ծանր վիճակում գտնվող հիվանդ և 94՝ ծայրահեղ ծանր:
Բժշկական հաստատությունների ցանկն ու մահճակալային ֆոնդն այժմ ընդլայնվում են․ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի տեմպը, կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցների մահճակալային առկա ֆոնդը դեռևս կբավարարարի։ Այսօր՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Թորոսյանը։