Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ Վրաստանի կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան։
«Մենք պետք է ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ես ամեն օր հաղորդակցվում եմ Հայաստանի վարչապետի հետ, ինչպես առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները՝ միմյանց հետ։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Փոխադարձ աջակցությունն այստեղ անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք․․․ Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն», – հայտարարել է Գախարիան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի ու Վրաստանի առողջապահության նախարարների և արտգործնախարարների միջև, քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությունը։
Հունիսի 10-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով բժիշկների խումբ կուղարկվի նաև Լիտվայից։
«Հայաստանը շարունակում է համավարակի դեմ լարված պայքարը։ Լիտվան շարունակում է կանգնել իր հայաստանյան ընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստան ուղարկել բժիշկների և փորձագետնեռի խումբ՝ կորոնավիրուսի դեմ միասին պայքարելու նպատակով։ Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն», – թվիթերի իր էջում գրել էր Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը։