Մայիսի 29-ին զոհված շարքային Դավիթ Վարդանյանը, ըստ ՔԿ-ի, «հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում» «հրազենագնդակային վիրավորում էր ստացել ձախ ոտքի աճուկային շրջանում»։ Ինչպե՞ս է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխվելուց մոտ մեկ օր անց ոտքից վիրավորված զինվորը մահացել է։
ՊՆ-ի մայիսի 28-ի հաղորդագրության համաձայն, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը։
Հաջորդ օրը Քննչական կոմիտեն պարզբանեց՝ հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողը հրազենագնդակային վիրավորում էր ստացել ձախ ոտքի աճուկային շրջանում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը մահացել էր։
Ինչպե՞ս է ստացվել, որ ոտքից վիրավորված զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել։
Epress.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ դիպուկահարի գնդակը վնասել է աորտայից անջատվող զարկերակը, զինծառայողը մահացել է արնահոսությունից։
«Աճուկային հատվածը ոտքի էն հատվածն է, որտեղ աորտան է՝ երակն է հոսում։ Իսկ աորտան, երբ կտրվում է, անբուժելի է դառնում ու շատ արագ մահ է դառնում։ Արնահոսությունից է մահացել զինծառայողը, ոչ թե ինչ-որ ուղղակի ոտքից վիրավորվեց ու մահացավ», – ասել են Քննչական կոմիտեից։