Ըստ Քննչականի վարկածի, մի խումբ քաղաքացիական անձինք ներխուժել են Սյունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկը, ինչ-որ հաշիվներ են փորձել պարզել, ծեծկռտուք հրահրել և կրակել օդ։ Կան ձերբակալվածներ։
«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, անտեսելով վերակարգի արգելքը, հսկիչ-անցագրային կետի հերթապահի և գնդի հերթապահի պահանջներին հակառակ մի խումբ քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զորամասում ծառայող իրենց մտերիմ ժամկետային զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով։
Զորամասի հերթապահի պահանջով զորամասի տարածքից դուրս գալուց հետո անմիջապես դարպասների դիմաց նույն հարցի կապակցությամբ նրանք վիճաբանել են իրենց ծառայողական գործունեությունը կատարող զորամասի գումարտակի սպայի և պայմանագրային մեկ զինծառայողի հետ, որի ընթացքում միմյանց փոխլրացնելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խոչընդոտելով զորամասի՝ տվյալ ժամանակ օրվա կարգացուցակով նախատեսված բնականոն աշխատանքը, հարվածներ հասցնելով բռնություն են գործադրել հիշյալ զինծառայողների նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ։ Միաժամանակ քաղաքացիական անձանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել դեպի օդ», – գրել է Քննչական կոմիտեն։
Պաշտպանության նախարարության (Սիսիանի ռազմական ոստիկանության) հաղորդման հիման վրա հուլիսի 8-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերի, 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի և 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 2-րդ մասի հատկանիշներով։
Սիսիան քաղաքի երեք բնակիչներին մեղադրանք է առաջադրվել, դատարանի որոշմամբ երեքն էլ կալանավորվել են։