2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Տղա ջան, խելոք մնա». Ինչպես են կարկուտից տուժած գյուղացիներին օգնություն բաժանել

Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած գյուղերում  բնակչությանը  տրամադրված օգնությունները բաժանվել են ավագանի-գյուղապետ-մարզպետ մախանիզմի օրենքներով: Այսպիսի համոզմունք ունեն մարզի տուժած երեք համայնքների մի շարք բնակիչներ, որոնցից մի քանիսը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել են վերջին ամիսների իրադարձությունները:

Նրանք ընդգծել են՝ ինչպես կառավարության, այնպես էլ մնացած կողմնակի օգնությունները խիստ վերահսկվել են պատկան մակարդակով ու դրանից օգտվել է ոչ թե տուժած գյուղացին, այլև համայնքային ու մարզային ղեկավարները:

«Պիտանի սերմեր շատ-շատ են բերել, բայց չիմացանք՝ ո՞ւր վերացրին, խուժան սերմացուն գդալ-գդալ բաժանեցին», - մասնավորապես, ասել է Շենավան համայնքի բնակիչ Բարունակ Ղուկասյանը:

Նա Epress.am-ի թղթակցին պատմել է, թե խիստ անհավասար  բաժանման դեմ  ընդդիմացողները ենթարկվել են հետապնդումների, շատերի հետ էլ «ղեկավարության մակարդակով երկար բացատրական աշխատանքներ են տարվել»:

«Ով որ շատ էր խոսում, տանում, հասկացնում էին, թե «տղա ջան, խելոք մնա, կարգն ա ըտենց, պետությունն ա ըտենց»: Դե որ գյուղապետը պաշտպանվի մարզպետի ու  վարչապետի մակարդակով, էլ ո՞վ կարա գյուղապետին մի բան ասի:  Խոսքը ոչ միայն մեր գյուղապետի մասին է, այլև՝ մնացած տուժած գյուղերի: Էս ամբողջը վերևից ա եկել՝  ամեն ինչը  մարզպետի հրահանգով են արել: Կառավարությունը հիմա էլ ասում ա՝ «օգնեցինք», ինչ-որ տեղ ճիշտ ա ասում, օգնեցին, բայց մենակ թղթի վրա, էդ ամբողջ օգնությունը բյուջեից դուրս եկավ, նորից ֆռաց, գյուղապետերի միջոցով հետ գնաց իրենց», - կարծիք է հայտնել Ղուկասյանը:

Նա հավելել է, թե իրենց համայնքը այն բացառիկներից է, որտեղից նախկինում արտագնա աշխատանքի մեկնողներ գրեթե չեն եղել, մինչդեռ վերջին 3-ամիսներին գյուղը աստիճանաբար սկսել է դատարկվել՝ «գյուղում 18 տուն կա, լրիվ դատարկ են»:

Հայկավան համայնքի բնակիչ Հովհաննես Հակոբյանը շեշտել է, թե օգնությունը միայն ապահովվածներին էր հասանելի:

«Կարիքավորները ոչինչ էլ չստացան: Ավագանիները՝ գյուղապետի, հաշվապահի ներկայությամբ ում անունն ուզել, թողել են, ումն էլ ուզել՝ հանել են:  50-հազարական դրամ բաժանեցին կարիք չունեցողներին, հետո էլ Կարմիր խաչի օգնությունը, բայց  մեզ ոչինչ չհասավ: Երկու անչափահաս երեխա ունեմ, մեզ ցուցակից հանեցին, տվեցին նրանց, ովքեր ստեղի գրանցում չունեին ու ապահովված էին: Մեզ 40 հազար տվեցին՝ էն էլ «ՄԱՊ»-ի Ալիկ Պետրոսյանի բացած հիմնադրամի հավաքած  268 միլիոն դրամից», - պատմել է Հակոբյանը:

Վերջինս նշել է, որ գյուղացիներից շատերը չափից դուրս հիասթափված են ու կոտրված, իսկ գյուղապետ Մամիկոն Գևորգյանը մեկնել է Եվրոպա՝ հանգստանալու:

«400 տնտեսությունից 40 ընտանիք է 50 հազարականները ստացել, 80 հոգին՝ Կարմիր խաչի պասիլկան են ստացել, մի 150-նն էլ 40 հազարն են ստացել: Ուրիշ ոչ մի օգնություն չի եղել գյուղում, մեկ սերմերն էին, որ ողորմության նման տվեցին, բայց շատերը հրաժարվեցին», - ասել է մեր զրուցակիցը:

Նա նաև նշել է, թե գյուղում որոշ ընտանիքներ տարբեր միջոցներով օգտվել են բոլոր օգնություններից միաժամանակ, իսկ իրական անապահովները այդպես էլ թշվառ ու տուժած մնացել են՝ «ժողովուրդը իրա աբուռը քաշել ա իրեն, մնացել ա, ի՞նչ անի»:

Մրգաշատցի Երեմ Առաքելյանն համակարծիք է, որ օգնության բաժանումն անարդարացի է եղել՝ «թացն ու չորը սաղ խառնեցին»:

«Հիմա էլ իբր թե սերմացու ցորեն են բերել որպես օգնություն: Այսինքն էն, որ մի բանով ուզում են օգնած լինեն, արի ու տես՝ 1 կգ-ն հաշվում են 80 դրամ, հիմա անվճար տալիս են էն պայմանով, որ եկող տարի կիլոգրամին կրկնակի ցորեն տաս, կամ էլ 160 դրամով փակվես: Սերմը տրաքած է, կարմիր ներկել, բերել են: Թե մեջը ինչ կա՝ աճելուց հետո կպարզվի, եթե իհարկե աճի: Ստացվում է, որ էս անհայտ  ծագման ցորենը կամ բերք կտա, կամ էլ մեզ կրկնակի կտուժեցնի», - եզրափակել է Առաքելյանը:

Նույն համայնքի բնակիչ, ավագանու անդամ Թաթուլ Սողոմոնյանն էլ մեր թղակցին տեղեկացրել է, թե օգնությունը նորմալ է բաժանվել ու ինքը բողոքելու ոչինչ չունի: