Գլխավոր / Армения / «Զայրացած մարդիկ» չցանկացան իրենց խնդիրները ներկայացնել «պետության կատարողներին»

«Զայրացած մարդիկ» չցանկացան իրենց խնդիրները ներկայացնել «պետության կատարողներին»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն պետ Գրիշա Բաղիյանը հայտարարել էր, որ 2-րդ համարի շուկայի (ԳՈՒՄ-ի շուկա) դիմացը գտնվող կրպակների  շարքում ստուգման արդյուքնում հայտնաբերվել են տարբեր տեսակի խախտումներ` մսի տեխնիկական կանոնակարգի պահանջների չիրականացում, առանց անասնաբուժական համապատասխան ուղեկցող փաստաթղթերի մսի իրացում, ջերմային ռեժիմի խախտում, սանիտարական պայմանների ոչ ճիշտ կիրառում և այլ տեսակի խախտումներ:

Epress.am-ը փորձեց պարզել նաև վերընշված կրպակների աշխատակիցների կարծիքը սույն խնդրի վերաբերյալ: Լրագրողներին տեսնելուն պես կրպակներից մեկի դիմաց աթոռին նստած տղամարդը հետաքրքրվեց, թե ինչի համար ենք մենք եկել, այնուհետև տեղեկացրեց, որ նա այս կրպակի տերն է: Չցանկանալով ներկայանալ` նա թույլ տվեց նկարահանումներ անցկացնել, սակայն նախ հորդորեց մեր օպերատորին չնկարել սառնարանից դուրս գտնվող միսը և աշխատակցի գոգնոցը` վերջինիս աղտոտված լինելու պատճառաբանությամբ:

Բացի այդ, նա խոստացավ գտնել մեր օպերատորին, եթե վերջինս չկատարի իր պահանջները:

Նշենք, որ տղամարդն ասաց, որ համաձայն է ստուգումների արդյունքների հետ և, իր խոսքով, կրպակների տերերը աշխատում են թերությունները վերացնելու ուղղությամբ: Այս հատվածում գտնվող կրպակներից մեծ մասում շինարարական աշխատանքներ էին իրականացվում:

Կրպակի տիրոջ խոսքերով, ստուգումներից հետո փակվեցին բոլոր կրպակները, սակայն իր կրպակը առաջինը բացվեց, քանի որ իր մոտ խախտումներ գրեթե չկային: Օրինակ, մսի վաճառքի համար պահանջվող սառնարանը և այլ պայմանները նրա կրպակում առկա են:

Մեր հաջորդ զրուցակիցը դժգոհեց պետական տեսչության որոշումից` ասելով, որ դրանով շատ ընտանիքներ կանգնեցին խնդիրների առաջ: Զրույցի ընթացքում մեզ մոտեցավ վրդովված մի տղամարդ, հարցրեց, թե ով ենք մենք և, առանց պատասխանը լսելու, կոչ արեց հեռանալ` մեզ անվանելով «պետության կատարողներ»:

Մեզ չհաջողվեց բացատրել, որ մեր միջոցով կրպակների աշխատողները կարող են ներկայացնել նաև իրենց կարծիքը: Փոխարենը, մեր զրուցակիցը հորդորեց ըմբռնումով մոտենալ, քանի որ «մարդիկ զայրացած են»:

Այլ «խոչընդոտների» մենք չհադիպեցինք, թեև մսավաճառների խնդիրների մասին էլ բարձրաձայնող չեղավ: Միս վաճառողները կեղտոտ գոգնոցներով հետևում էին նկարահանմանը, հուշում, որտեղից ավելի հարմար կլիներ նկարել, ապա հետաքրքրությամբ դիտում ստացված նյութը:

Tekali Taxi