Գլխավոր / Армения / Թուրք քաղաքական գործիչներին Հայաստանից կուղեկցեն Վրաստան

Թուրք քաղաքական գործիչներին Հայաստանից կուղեկցեն Վրաստան

«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և նրան ուղեկցող պատվիրակությունն այսօր մեկնելու են Հայաստանից:

Ինչպես հաղորդում է Թուրքիայում Epress.am-ի թղթակիցը, այս մասին Ստամբուլում հայտարարել է «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները Բեքլեևիչին և նրա գործընկերներին ուղեկցելու են մինչև Վրաստան:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում կայացած ասուլիսից հետո ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Թունա Բեքլևիչին:

Ինչպես Epress.am-ին հայտնել էր ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվի Բագրամյանը, «թուրք քաղաքական գործիչներին ԱԱԾ են հրավիրել «զրույցի», քանի որ վերջիններս հայտարարել էին, որ հատել են պետական սահմանը: 

Հիշեցնենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, թե սահմանը հատելը ապօրինի գործողություն չեն համարում, քանի որ, իրենց իսկ խոսքով, սա ընդամենը «կոչ էր աշխարհին, որ անհրաժեշտ է սահմանը բացել»:

Ինչ վերաբերում է ռուս սահմանապահների հայտարարությանը, թե սահմանի հատման դեպք չի եղել, քանի որ այդ տարածքում գետը շատ խորն է, և որ ինտերնետում տարածված նկարները կեղծ են, «Հզոր Թուրքիա» կուսկացության նախագահն առաջարկել է լրագրողներին միասին գնալ և չափումներ անել:

Նշենք, որ Թունա Բեքլևիչը մասնագիտությամբ տնտեսագետ է: Ավարտել է Բիլգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, ապա համացանցում մի շարք տնտեսական պլատֆորմներ է հիմնել, որից հետո որոշել է զբաղվել քաղաքականությամբ և դարձել է կուսակցության նախագահ: Թուրքիայում Բեքլևիչը որպես քաղաքական գործիչ մեծ համարում չունի և հայտնի չէ լայն զանգվածներին:

Tekali Taxi