Home / Հայաստան / Հայաստանցի լրագրողներին բերման են ենթարկել Թուրքիայում

Հայաստանցի լրագրողներին բերման են ենթարկել Թուրքիայում

2010 թ. նոյեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Թուրքիայի Կարս քաղաքում աշխատող ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատանքային խումբը բերման է ենթարկվել տեղի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, հայտնում է Lragir.am-ը:
 
Քաղաքի նախկին հայաբնակ թաղամասերից մեկում նկարահանումներ կատարելու ժամանակ ԳԱԼԱ-ի աշխատակիցներին են մոտեցել քաղաքացիական հագուստով մի քանի ծառայողներ և արգելել նկարահանումները: Այնուհետեւ, 5 հոգուց բաղկացած խմբին ուղեկցել են ազգային անվտանգության բաժանմունք՝  փաստաթղթային ստուգումներ իրականացնելու նպատակով:
 
Ծառայության աշխատակիցները տեղեկացրել են, որ հեռուստաընկերության աշխատանքային խումբը, առանց համապատասխան կառույցների թույլտվության, իրավունք չունի նկարահանումներ կատարել Կարսում, և ընդհանրապես, Թուրքիայի հանրապետության տարածքում: Հեռուստաընկերության աշխատակիցները հակադարձել են, որ թույլտվություն ստանալ հնարավոր չէր, քանի որ Բայրամ կոչվող իրենց տոնական օրերին պետական ատյաններում պատասխանատու որևէ անձի գտնելը փաստացի անհնար էր:
 
ԳԱԼԱ-ի աշխատախմբի անդամները (խմբի ղեկավար  Կ.Հարությունյան, խմբագիր Է. Մխիթարյան, օպերատոր Տ. Գասաբյան, թարգմանիչ  Հ. Ֆիլյան, վարորդ Ռ.Մարտիրոսյան) հրաժարվել են իրավապահներին հանձնել անձնագրերը և հայտնել են, որ ոտնահարվում է իրենց իրավունքները: Ազգային անվտանգության աշխատակիցները մի քանի հեռախոսազրույց են ունեցել իրենց վերադասի հետ, այնուհետև տեղեկացրել, որ տուգանք պետք է վճարվի: Նախ նշել են, որ մեկ անձի տուգանքի չափը 250 թուրքական լիրա է, այնուհետև, այսպես  ասած  «լավության կարգով» նույն գումարի չափը սահամանել են ամբողջ խմբի համար:
 
Աշխատախմբի դժգոհություններին նրանք պատասխանել են բարի ժպիտով, թեյի հյուրասիրությամբ և «մեր օրենքի պահանջն է. ոչ մի դիտավորություն չկա» խոսքերով: Սակայն մի քանի նոր հեռախոսազանգից հետո, նրանք Հայաստանից ժամանած խմբին տեղեկացրել են, որ տուգանք չի լինի և իրենք պարտք ու պահանջ չունեն:
 
Ի դեպ, ազգային անվտանգության թուրք աշխատակիցները 5 րոպեով փաստաթղթային ստուգումներ կատարելու պատրվակով մոտ 1.5 ժամ խմբին պահել են բաժանմունքում: Խմբի անդամների պնդումներից հետո, որ իրենք պահվում են անհիմն, թուրք իրավապահները, ստուգելով ԳԱԼԱ-ի աշխատակիցների անձնագրային տվյալներն ու երկրի տարածք մուտք գործելու օրինականությունը, նրանց ազատ են արձակել՝  խնդրելով դադարեցնել հետագա նկարահանումները:

Հարկ է նշել, որ թուրք իրավապահների և ԳԱԼԱ-ի աշխատախմբի անցանկալի ընկերակցությունը տեւել է մոտ 90 րոպե, որից հետո նկարահանող խումբը նրանց ուղեկցությամբ հեռացել է:

Tekali Taxi