Home / Армения / Հայաստանի և Ուկրաինայի առևտրային վեճը շարունակվում է

Հայաստանի և Ուկրաինայի առևտրային վեճը շարունակվում է

Ուկրաինան որոշել է ժամանակավորապես հետաձգել Համաշխարհային առևտրային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ առևտրային վեճի կարգավորման համար հատուկ խումբ ստեղծելը: Այս մասին երեկ հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Պյատնիցկին:

«Քանի որ Հայաստանի հետ մենք գտնվում ենք խորհրդակցության փուլում, համաձայնել ենք երկարաձգել այն և մինչև բանակցությունների հաջորդ փուլը չենք պնդի հատուկ խմբի ստեղծումը»,- «Կոմերսանտ-Ուկրաինային»-ին հայտնել է Պյատնիցկին:

Հայաստանի հետ խորհրդակցությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի կեսերը: Հայաստանի և Ուկրաինայի միջև վեճը կապված է ծխատոտի վրա գործող ակցիզային հարկերի հետ, որոնք տարբեր են` կախված ներմուծված և հայկական լինելու փաստից: Ներմուծվածները` 6500 դր.` 1 հազ. հատ ծխախոտի համար, իսկ հայկականը` 4750 դր.: Հայաստանը նաև ավելի բարձր ակցիզային հարկեր է սահմանում ներմուծված ալկոհոլային խմիչքների համար, այդ թվում` գարեջրի:

Մի շարք խորհրդակցություններից հետո Երևանը միայն մասնակի զիջումների է գնացել: Ակցիզային հարկերը ծխախոտի համար աստիճանաբար կհավասարեցվեն (մինչև 2014թ.), իսկ ալկոհոլի հարկերի նվազեցումը կտարածվի միայն օղու վրա` 2011 թվականից: 

Հուլիսի 20-ի ոչ պաշտոնական խորհրդակցությունից հետո Ուկրաինան դիմել էր 
Առևտրի համաշխարհային կազմակերպություն` առևտրային վեճի վերաբերյալ պաշտոնական խորհրդակցություններ նշանակելու, իսկ հոկտեմբերի 25-ին վեճի լուծման վերաբերյալ հարցի դիտարկման համար: Բայց այդ ժամանակ Հայաստանը օգտվել էր խորհրդատվությունը մեկ ամիս երկարաձգելու իր իրավունքից, ինչի արդյունքում էլ հատուկ խումբը չէր կազմավորվել: Այս անգամ Ուկրաինան է համաձայնել երկարացնել խորհրդատվության ժամկետները: «Մենք դեռևս սպասում ենք շահավետ առաջարկի»,- ասել է Պյատնիցկին:

Հարցն այն է, որ Երևանն առաջարկել է ուկրաինական կողմին վեճը լուծել ԱՊՀ երկրների միջև գոյություն ունեցող ազատ առևտրի վերաբերյալ  չափորոշիչների համաձայն: «Մեր խնդիրը ոչ թե ապացուցելն է, որ Հայաստանը  խախտել է ազատ առևտրի կանոնները, այլ ուկրաինական արտադրողների պաշտպանությունն ապահովելը: Եթե Հայաստանը հաստատի, որ օգտագործելու է ԱՊՀ-ի սկզբունքները` համաձայն որի մեր արտադրողների իրավունքները կհավասարեցվեն իրենցին, ապա մենք բավարարված կլինենք»,- ասել է պաշտոնյան:  

Ուկրաինայում Հայաստանի  դեսպանատանը երեկ հայտարարել են, որ Կիև պատվիրակության վերջին այցելության ընթացքում «առևտրային թյուրիմացությունները» կարգավորվել են, սակայն պայմանավորվածությունների մանրամասները դեռ չեն հստակեցվել:  

Tekali Taxi