Գլխավոր / Հայաստան / Ի՞նչ սպասել 3Ա-ից. նոր շարժումը հրապարակախոսների աչքերով

Ի՞նչ սպասել 3Ա-ից. նոր շարժումը հրապարակախոսների աչքերով

«Առցանց Ազատական Ալյանսը» միավորելու է Հայաստանի և սփյուռքի իրական ազատական ուժերը: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը` խոսելով «Առցանց Ազատականների Ալյանս»-ի ստեղծման վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ «Առցանց Ազատականների Ալյանս»-ի կամ 3Ա-ի նախաձեռնող Կարապետ Ռուբինյանը հայտարարություն էր տարածել` առաջարկելով միանալ նորաստեղծ կազմակերպությանը և մասնակցել 3Ա-ի առաջին առցանց համագումարին:

«Առհասարակ, շատ ուրախ եմ, որ տարին նման քաղաքական ակտիվությամբ սկսվեց: Ես ինքս մեծ հույսեր եմ կապում այս նախաձեռնության հետ, մեծ լավատեսությամբ եմ մոտենում սրան»,- ասել է հրապարակախոսը:

Մարինե Պետրոսյանը խոսել է նաև Facebook սոցիալական ցանցի` Հայաստանի քաղաքական դաշտում վերջին կես տարվա ընթացքում ունեցած դերակատարության մասին:

«Վերջին շրջանում հայաստանյան Facebook-ը հիմնականում ակտիվ է քաղաքական կոնտեքստում: Պատահական չէ, որ քաղաքական ստատուսներն են այստեղ ամենաշատ ակտիվությունն ապահովում: Այստեղ շատ ավելի է ազատականության շունչը: Եվ, փաստորեն, Կարապետ Ռուբինյանի հայտարարությունն էլ ուղղված էր ողջ ֆեյսբուքահայությանը»,- ասել է գրողը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ 3Ա-ն` «Առցանց Ազատականների Ալյանս»-ը Հայ Ազգային կոնգրեսից շատ ավելի ազատական է լինելու, քանի որ նրա գործունեության տիրույթ արդեն իսկ ավելի մեծ ազատություն է ապահովում:

«Համոզված եմ, որ այն ավելի ազատական է լինելու, բրգային չի լինելու, ինչպես ՀԱԿ-ը: Չեմ կարծում, որ այս Ալյանսը կմտնի ՀԱԿ-ի կազմի մեջ»,- նշել է Մարինե Պետրոսյանը:

Epress.am-ի հետ զրույցում հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը նշել է, որ տվյալ պահին ինքը 3Ա-ի մասին զուտ տեսականորեն կարող է խոսել, քանի որ բուն ձևաչափը դեռ չի գործում, այլ կա միայն դրա ստեղծման կոչը:

«Ընդհանրապես դրական են ցանկացած համացանցային հասարակական նախաձեռնմությունները, և վաղուց պետք է դրանց կողմից ընձեռնած հնարավորություններն ավելի լայնորեն օգտագործել: Դրանք թույլ են տալիս և՛ ավելի արագ կազմակերպվել, և՛ ավելի հստակ ինտելեկտուալ արդյունք տալ: Էդ իմաստով բանավոր շփման ժամանակները ինչ-որ իմաստով անցել են, և դա լավ է, քանի որ բանավորր խոսքը, «քննարկումը» որակապես ավելի ցածր արդյունքներ է ի զորու տալ, քան գրավորը», – նշել է Տեր-Աբրահամյանը:

Այունամենայնիվ, նա նշել է, որ կոնկրետ նախաձեռնությանը ինքն ավելի շուտ դեռ չեզոք-սպասողական է վերաբերվում:

««Ազատականների ալյանս» ձևակերպումն այնքան էլ իմ սրտով չէ, քանի որ շատ սկեպտիկ եմ վերաբերվում ցանկացած այդպիսի գաղափարախոսական ձևակերպմանը` վերցված ավելի շուտ դասագրքերից, այլ ոչ թե մեր իրականությունից: Ես չգիտեմ ազատականը որն է, իսկ գործ ունենալ հերթական չճշտված տերմինի հետ առանձնապես հավես չկա: Մեզ մոտ ազատականն ինչ-որ անորոշ բան ա, որն ավելի շուտ ձախ ցենտրիզմի ինչ-որ տեղական վերաշարադրանքն ա, իսկ ձախ ցենտրիզմը (սոցիալ-դեմոկրատիա և այլն) մի բան ա, ինչն ինձ ամենից քիչ ա հետաքրքրել, եթե չասեմ, ամենից շատն ա նյարդայնացրել: Իհարկե, մեր ազատականերն իրենց աջ են համարում, բայց դա էական չէ, քանի որ տնտեսականից զատ (շուկայի կողմնակիցներ), նրանք տիպիկ ձախ ցենտիրստ են՝ սիրում են Օբամա-մոբամա, չեն սիրում ԱՄՆ Հանրապետականներին ու Բրիտանիայի պահպանողակններին, չեն սիրում Իսրայելը, ազդված են ֆրանսիական և եվրոպական ինտելեկտուալներից, պոլիտկոռեկտությունից, կողմ են բոլոր տեսակի «պրոգրեսիվ» բաների և այլն: Սա ասում եմ, ոչ թե որովհետև կա «ճիշտ» ու «սխալ» ազատականություն, այլ որովհետև քաղաքական դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ սկսած իր փիլիսոփայությհունից ավարտված կոնկրետ հարցերին վերաբերմունքով: Ինչ վերաբերվում ա ինձ, ապա ես որևէ քաղաքական գաղափարախոսության կրող չեմ համարում ինձ, այլ փորձում եմ աջակցել ցանկացած հասարակական կամ քաղաքական շարժմանը, որն ազնիվ է, ծախված չէ ու նպաստում է Հայաստանի արդիականացմանը: Եթե նոր «Ալյանսը» դա անի, և բացի այդ, եթե տա շոշափելի ինտելեկտուալ և հասարակական արտադրանք, ես կողմ կլինեմ, ու գուցե ինքս էլ մասնակցեմ, եթե չէ, ապա մի հատ ալյանսով ավել, մի հատով պակաս, ոչ մի բան դա չի տա», – հավելել է Տեր-Աբրահամյանը:
Tekali Taxi