Գլխավոր / Հայաստան / Հայաստանը` մասնակի ազատ, ԼՂՀ-ն` անազատ երկիր` ըստ Freedom House-ի

Հայաստանը` մասնակի ազատ, ԼՂՀ-ն` անազատ երկիր` ըստ Freedom House-ի

2010 թվականին աշխարհում ազատության մակարդակը 5-րդ տարին անընդմեջ նվազել է, ասված է Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2011» զեկույցում, որը հրապարակվել է այսօր` հունվարի 13-ին:

2010 թվականի ընթացքում 25 երկրների դեպքում զգալի անկում է գրանցվել: Միևնույն ժամանակ, 11 երկրների դեպքում Freedom House-ն ակնհայտ աճ է նկատել:

Նշենք, որ ըստ Freedom House-ի դասարակրգման` աշխարհի երկրները ազատության մակարդակով բաժանվում են երեք տիպի` ազատ, մասնակի ազատ և անազատ:

Ազատ համարվող երկրների թիվը հաշվետու ժամանակահատվածում 89-ից իջել է մինչև 87: Ըստ տոկոսային հարաբերակցության` ազատ երկրները կազմում են աշխարհի 194 երկրների 45 տոկոսը:

Մասնակի ազատ երկրների թվին դասվող պետությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում հասել է 60-ի` կազմելով հետազոտվող երկրների 31 տոկոսը:

Անազատ երկրների շարքին դասվող երկրների թիվը չի փոխվել` 47, դա կազմում է բոլոր երկրների 24 տոկոսը:

Նշենք, որ այսօր հրապարակված զեկույցում Հայաստանը տեղ է զբաղեցրել մասնակի ազատ երկրների շարքում, ինչպես և նախորդ տարի: Ընդհանուր առմամբ, տարին բացասական է եղել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համար: Ուզբեկստանը և Թուրքմենստանը հայտնվել են վատագույն 9 երկրների շարքում, մինչդեռ, օրինակ, Ուկրաինան ազատ երկրների շարքից անցել է մասնակի ազատ երկրների շարքին` միանալով Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ղրղզստանին:

Հարկ է նշել, որ, համաձայն Freedom House-ի տվյալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակի ազատ երկրների շարքից դուրս է մնացել և այժմ դասվել է անազատ երկրների շարքին, ինչպես, օրինակ, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Հայաստանի մյուս հարևաններից Թուրքիան դասվել է  մասնակի ազատ երկրների շարքին, իսկ Իրանը` անազատ:

Tekali Taxi