Գլխավոր / Հայաստան / Թուրքիան վերադարձել է նախապայմանների լեզվին. ԱԳՆ

Թուրքիան վերադարձել է նախապայմանների լեզվին. ԱԳՆ

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում իր քաղաքականությունը փոխելու մտադրություն չունի, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ Նալբանդյանի` Հայաստանը մշտապես կատարել է իր խոստումները, իսկ Թուրքիան այսօր վերադարձել է այն քաղաքականությանը, որը վարում էր մինչ Արձանագրությունների ստորագրումը, այսինքն` Թուրքիան վերադարձել է նախապայմանների լեզվին:

«Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը և առանց նախապայմանների վավերացնի, հարգի պայմանավորվածությունները, որպեսզի գնանք առաջ և կարգավորենք հարաբերությունները։ Դրան սպասում է ամբողջ միջազգային հանրությունը», – ասել է ԱԳ ղեկավարը:

Նալբանդյանը մեկնաբանել է նաև Կարսում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման մասին Թուրքիայի վարչապետի հայտարարությունը: Ըստ ԱԳ նախարարի` դա միայն վնասում են հայ-թուրքական հարաբերություններին:

«Այդ հայտարարությունը նոր խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- նշել է Նալբանդյանը:
Tekali Taxi