Գլխավոր / Հայաստան / Թուրքիայի ժողովրդավար լինելը կապված է Դինքի սպանության բացահայտման հետ

Թուրքիայի ժողովրդավար լինելը կապված է Դինքի սպանության բացահայտման հետ

Եթե Հրանտ Դինքի սպանությունն ամբողջությամբ բացահայտվի, դա կնշանակի, որ Թուրքիան լուրջ բարեփոխումներ է իրականացրել դատական, ոստիկանական և ազգային անվտանգության համակարգերում: Today’s Zaman օրաթերթին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել թուրք գրող Տուբա Չանդարը` խոսելով թուրրքերեն և հայերեն լեզուներով լույս տեսնող «Ագոս» օրաթերթի խմբագիր, 2007 թվականի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի մասին: Նշենք, որ Չանդարի հեղինակած «Հրանտ» գիրքը լույս էր տեսել 2010 թվականի սեպտեմբերին:

«Սպանության ամբողջական բացահայտումը կնշանակի նաև, որ Թուրքիան առաջընթաց է ապրել թափանցիկ և ժողովրդավարական երկրի կայացման ճանապարհին: Դրանից կօգտվեն Թուրքիայի բոլոր քաղաքացիները, իսկ Հրանտի հոգին կցնծա»,- ասել է Չանդարը:

Չանդարի կարծիքով` Հրանտի պայքարը դեռ չի ավարտվել, քանի դեռ,մասնավորապես, շարունակվում է ազգայնամոլական հանցավոր «Էրգենեկոն» խմբավորման դատավարությունը:

«Մեզ հարկավոր է Հրանտի էներգիան Թուրքիայում, որը փորձում է իրեն մաքրել կեղտից: Այդ իսկ պատճառով մենք պետք է փորձենք Հրանտին կենդանի պահել», -նշել է գրողը:

Չանդարի խոսքով` Հրանտին կենդանի պահել նշանակում է ապահովել, որպեսզի արդարությունը հաստատվի, որպեսզի Թուրքիան լիարժեքորեն կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները` կապված Դինքի սպանության գործում խախտումների վերացման հետ:

Հիշեցնենք, որ Դինքի փաստաբանները դատավարության ընթացքում և մամուլում բազմիցս նշել են, որ դատարանը ցանկանում է անուշադրության մատնել այն փաստը, որ ոստիկանությունը տեղյակ է եղել ծրագրվող սպանության մասին, բայց քայլեր չի ձեռնարկել այն կանխելու համար:

Չանդարը նշել է նաև Դինքի կարևորությունը, ով, գրողի խոսքերով, հզոր ձայն է եղել Թուրքիայում:

«Որպես հայ, որն ապրում էր Թուրքիայում, նա ոչ միայն իր ձայնն է բարձրացրել հայ համայնքի իրավունքերը պաշտպանելու համար, բայց նաև հանդես է եկել որպես «թուրքիեյլի» (այս տերմինը կարելի է թարգմանել որպես «թուրքիացի», ինչը նշանակում է Թուրքիայում բնակվող մարդ, բայց ոչ միայն թուրք և գալիս է փոխարինելու «թուրք» տերմինին, որն այժմ օգտագործվում է Թուրքիայում ապրող մարդկանց բնորոշելու համար – Epress.am) և խոսել է բոլոր այն խնդիրների մասին, որոնք «տաբու» են համարվել Թուրքիայում: Իհարկե, հայ լինելը նույնպես լրացուցիչ խնդիրների առիթ է հանդիսացել Դինքի համար: Մասնավորապես, հայտնի թուրք գրողներ Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆակի, Մուրատ Բելգեի, Իսմեթ Բերկանի դեմ նույնպես դատական հայցեր են բացվել 301 հոդվածով (թուրքերի ինքնությունը վիրավորելու համար- Epress.am): Սակայն այդ հոդվածով դատապարվեց միայն Հրանտը:Պատահակն չէ, որ իր վերջին հոդվածը կոչվում էր` «Արդյո՞ք հայ լինելը նշանակություն ունի»», – ասել է Չանդարը:

Tekali Taxi