Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիրավորվել է երկու զինվոր

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիրավորվել է երկու զինվոր

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Միայն անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ըստ ԼՂՀ ՊԲ-ի` հունվարի 14-ին ժամը 12.25-ի սահմանում շփման գծի հարավարևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 1992թ. ծնվածՎարդան Անդրանիկի Հարությունյանը: Ժամը 12.50-ին նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:

Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին ժամը 17.20-ի սահմանում նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի  արևելյան  (Ասկերանի) ուղղությամբ: Հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող1992թ. ծնված Խաչատուր Մուրադի Ասլանյանը: Ժամը 18.00-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:

Վերոնշյալ միջադեպերի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:
Tekali Taxi