Գլխավոր / Հայաստան / Փաստաբանը Դինքի սպանության մասին նոր մանրամասներ կհայտնի

Փաստաբանը Դինքի սպանության մասին նոր մանրամասներ կհայտնի

Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 4-րդ տարելիցի օրը` հունվարի 19-ին, Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չետինը զեկույց է ներկայացնելու, որում ամփոփվում է դատավարության ընթացքը:
Փաստաբանը հատուկ Epress.am-ի համար մեկնաբանել է զեկույցի բովանդակությունը:

Չետինի խոսքով` նախորդ զեկույցներում Դինքի ընտանիքի փաստաբանները ներկայացրել են լրագրողի սպանության հետ կապված մանրամասներ, այդ թվում` խոսել են սպանության իրական պատճառների մասին, մատնանշել են, թե ով կարող է կանգնած լինել սպանության հետևում` բարձրացնելով որոշ հարցեր և փորձելով պատասխաններ տալ այդ հարցերին:

«Այսօր, երբ դատական նիստերի ընթացքում գործի հանգամանքների վրա որոշակի լույս է սփռվել, գործի փաստաթղթերի բովանդակությունը հայտնի է դարձել, գործից դուրս իրականացված հետաքքնության պատասխաններ են ստացվել, սեպտեմբերին հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, մեր տեսակետը և կարծիքը հնարավոր է հստակ ձևակերպել», – ասել է Ֆեթիյե Չետինը:

Փաստաբանը նշում է, որ իրենց զեկույցը մեկնաբանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը` կանգ առնելով կարևորագույն կետերի վրա:

«Զեկույցում մենք ցույց ենք տալիս, թե ինչպես Եվրոպական դատարանի դատավորները, առաջնորդվելով գործի այն նույն փաստաթղթերով, որոնք քննել են թուրք դատավորները, միանգամայն այլ եզրակացությունների են գալիս», – հայտարարել է Դինքի ընտանիքի փաստաբանը:

Չետինի խոսքով` 21 էջից բաղկացած զեկույցը պատասխանում է այն հարցին, թե ինչու Թուրքիայի պետական անվտանգության ուժերը, որոնք նախօրոք տեղեկացվել են սպանության ծրագրի մասին, ոչ մի քայլ չեն ձեռնարկել, և ինչու նրանք չեն կարողացել կանխել Դինքի սպանությունը:

Հիշեցնենք, որ Դինքի սպանության մեջ մեղադրվում են Թուրքիայում գործող ազգայնական կազմակերպությունները, այդ թվում` այն ուժերը, որոնք կապված են եղել «Էրգենեկոն» հանցավոր խմբավորման հետ:

Անկախ հետաքննությունների արդյունքում Դինքի ընտանիքի փաստաբաններին, ինչպես նաև մի քանի լրագրողների հաջողվել է ապացույցներ ձեռք բերել առ այն, որ Թուրքիայի իրավապահ մարմինները հնարավորություն են ունեցել կանխել Դինքի սպանությունը, սակայն չեն արել դա:
Tekali Taxi