2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վախենում ենք երեխաների սոված մնալուց. Երևանի քաղաքապետից հացի փող են ուզում

«Մենք քեզանից բան չենք ուզում, մենք հաց ենք ուզում: Մենք մենակ վախենում ենք մեր երեխաների սոված մնալուց, ուրիշ բանից չենք վախենում»:

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված տասնյակ մարդիկ այսպիսի կոչերով էին դիմում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Հիշեցնենք, արդեն երկու օր է նրանք բողոքում են Երևանի քաղաքապետարանի` փողոցային առևտուրն արգելելու որոշման դեմ: Հավաքվածները Երևանի տարբեր բացօթյա տոնավաճառներում առևտուր են անում:

Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել Կարեն Կարապետյանի հետ:

«Մենք չենք կարող ճնշված ապրել էս քաղաքում, քաղաքապետը վախում ա, իջի խոսա էս ժողովրդի հետ, այ վախկոտ», - ասում էին հավաքվածները:

Ցույցի մասնակիցներից մեկն էլ ասաց. «Սերժը ասում էր`«Առաջ Հայաստան», դրել եք զադնի, 100 կմ հետ եք գնացել»:

Մարդիկ պատմում էին, որ Երևանի քաղաքապետարանի որոշման արդյունքում իրենք հայտնվել են անելանելի վիճակում:

«Կռիվ եք ասում, որ կռիվ լինի չեմ գնա, ո՞ւմ համար պիտի գնամ», - ասում էին նրանք:

Բողոքողներից մեկն էլ ավելացրեց. «Ես որ կռվում էի, իրանք կայֆավատ էին լինում»:

Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է:

Հավաքվածները վանկարկում են` «Աշխատանք», «Հացի փող», «Հաց ենք ուզում»: