Գլխավոր / Հայաստան / Երևանում առաջարկում են փոխել սեռական հանցագործությունների վերաբերյալ օրենքը

Երևանում առաջարկում են փոխել սեռական հանցագործությունների վերաբերյալ օրենքը

Հայաստանի կանանց ռեսուրսային կենտրոնն այսօր «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էր կազմակերպել ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի («Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները») հոդվածների փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ  ոստիկանությունից, դատախազությունից, քաղաքապետարանից, տարբեր նախարարություններից, ԱԺ-ից:

Ըստ Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչների` իրենց կողմից ներկայացրած նախագիծը կարող է օգնել վերացնել օրենքում առկա բավական լուրջ բացթողումները:

Համաձայն քննարկման կազմակերպիչների` Կանանց ռեսուրսային կենտրոնին կից ստեղծված սեռական բռնության ճգնաժամային ծառայությունն իր գործունեության արդյունքում եկել է այն եզրակացության, որ ոլորտում բավական լուրջ խնդիրներ կան, որից հետո էլ սկսվել են աշխատանքներն օրենքի նախագծի վերաբերյալ:

Այդ օրենքի նախագծի վրա աշխատանքները սկսվել են 2010թ. սեպտեմբերից: Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Դավիթ Թումասյանն իր ելույթում նշել է, որ Քրեական օրենսգրքի 18-րդ գլուխն ընդամենը մեկ անգամ է փոփոխության ենթարկվել 2003թ., ընդ որում` փոփոխությունը կատարվել էր զուտ պատիժների մասով:

«Պրակտիկայում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ կատարվել են տարբեր հանցագործություններ, որոնք ուղղված են եղել սեռական ազատության դեմ և որոնք չեն ստացել տրամաբանական հանգուցալուծում: Երբ խոսքը գնում է 18-րդ գլխի մասին, այստեղ ոչ միայն իրավական նորմերն են խոսում, այլև նաև բարոյականության հետ մենք գործ ունենք: Երբ որ կազմվում էր այս օրենքի նախագիծը, մենք ղեկավարվել ենք այն միջազգային ակտերով, որոնք առկա են այս ոլորտում, մենք ուսումնասիրել ենք նաև այլ պետությունների օրեսդրությունը»,- ասել է Դավիթ Թումասյանը:

Իրավաբանը ներկայացրել նաև այն կետերը, որոնցում առաջարկվում է փոփոխություններ իրականացնել: Կազմակերպիչները նշել են, որ սա առաջին քննարկումն է, որի ընթացքում հնչած առաջարկությունները հաշվի կառնվեն և աշխատանքն օրենքի նախագծի վրա կշարունակվի:
Tekali Taxi