Գլխավոր / Հայաստան / Ով է պատասխանատու Հայաստանում հացի թանկացման համար

Ով է պատասխանատու Հայաստանում հացի թանկացման համար

«Հերթական պատուհասն է էլի անդրադարձել մեր սպառողների գլխին. հացի գնի թռիչք 20 դրամի սահմաններում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` հիմնվելով իր գլխավորած կառույցի ուսումնասիրության արդյունքների վրա:
Պողոսյանի խոսքով` իրավիճակի պատասխանատուները տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն է և գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունները:

«Հայաստանում հացի ապահովվածության առումով տեղական արտադրությունը լավագույն դեպքում կարող է 40 տոկոսն ապահովել», – համոզմունք է Սպառողների միության նախագահը:

Որպես թանկացման պատճառ նա նշել է անվերահսկելիությունն ու անպատժելիությունը. «Եթե կա հնարավորություն լրացուցիչ շահույթ ստանալ, և դա չի վերահսկվում, եթե անվրեպությունը չկա խախտումների դեպքում պատժելու, դա սողանցքներ են, որոնք պարբերաբար օգտագործվում են: Սա հերթականն է»:

Միևնույն ժամանակ, ըստ Պողոսյանի, արդեն նկատվում է գների նվազեցման միտում:
Տնտեսագետ Սամվել Ավագյանը, իր հերթին, անդրադառնալով միջազգային զարգացումներին, նշել է, որ հայաստանյան իրավիճակն ուղղակի կապ ունի միջազգային շուկայի հետ:

«Ուրբաթ օրվա տվյալներով` ցորենի միջազգային գինը հասել է 330 դոլարի` մեկ տոննայի դիմաց, իսկ Փարիզի բորսայում` մինչև 350 դոլարի: Սա վերջին երեսուն տարում ցորենի ամենաբարձր միջազգային գինն է», – ասել է Սավել Ավագյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Փոթի նավահանգստում 1 տոննա ցորենը վաճառվում է 400 դոլլարով: Դա, փորձագետի խոսքով, որոշ չափով անդրադարձել է ալրաղացների կողմից սահմանվող մեծածախ գների վրա:

«Հիմնական պատճառն այն հայտարարություններն են, որ կատարվում են Եվրամիության տարբեր վերլուծական կենտրոնների կողմից, այն մասին, որ Եվրամիությունը 2011 թվականին ավելի քիչ ցորեն է արտահանելու, քան նախորդ տարիներին»,- ասել է Ավագյանը` նշելով, որ այդ համատեքստում արձանագրվել է միջերկրածովյան երկրների կողմից պահանջարկի կտրուկ աճ:

«Բայց գլոբալ առումով 2011 թվականին պարենային ճգնաժամ չի սպասվում, որովհետև 2010 թվականի վերջին աշնանացանի ժամանակ ավելի մեծ ցանկատարածություններ են դրվել ցորենի տակ, քան նախորդ ցանկացած այլ տարում», – հավելել է տնտեսագետը:

Անդրադառնալով Հայաստանում ցորենի պետական պաշարներին` Ավագյանը տեղեկացրել է, որ այն կազմում է 50 հազար տոննա, որը, ըստ նրա, «մեկ ամսվա պաշարն է ու կուտակված է սև օրվա համար»:

«Մի քիչ պաշարներ կան մասնավոր ներկրող ընկերությունների մոտ` «Մանանա Գրեյն», «Մանչո Գրուպ» կամ «Ալեքս Գրիգ», մոտ 1-1.5 ամսվա պաշար նրանք էլ ունեն: Բայց Կառավարությունը որևիցե լծակ չունի ստիպել այդ ընկերություններին ցորենը կամ ալյուրը վաճառել հասարակությանը նպաստավոր գնով», – եզրափակել է տնտեսագետը:

Նշենք, որ «Մանչո Գրուպ» ներկրող ընկերության ղեկավար Իվան Մոսոյանը, ով նույնպես հրավիրված էր ասուլիսին, հրաժարվել է ներկայանալ` պատճառաբանելով երկրից բացակայությամբ:
Tekali Taxi