Գլխավոր / Հայաստան / Գագիկ Բեգլարյանն էլի մարդ է ծեծել

Գագիկ Բեգլարյանն էլի մարդ է ծեծել

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը անցած կիրակի օրը էլի մարդ է ծեծել. այս անգամ Բեգլարյանը խփել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնականին` Էդուարդ Մելքոնյանին (Գժոյան), տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ինչպես թերթին հայտնի է դարձել ոստիկանության աղբյուրներից, հունվարի 23-ի երեկոյան Գումի շուկայի մոտ Գագիկ Բեգլարյանի մարդիկ «ռազբորկա» են ունեցել Մելքոնյանի հետ, սկսվել է ծեծուջարդ, վերջում «վրա է հասել» ինքը` Բեգլարյանը, որ բաժանի կռվողներին, բայց նա ևս «մի երկու մուշտի է հասցրել» Մելքոնյանին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «ՀԺ»-ի հարցմանն ի պատասխան ասել են. «1979 թվականին ծնված Էդգար Մելքոնյանը հունվարի լույս 24-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հունվարի 23-ի երեկոյան ժամը 23-ի սահմաններում Արհեստավորների փողոցում իրեն ծեծի են ենթարկել Գումի շուկայի անվտանգության աշխատակիցները և պատճառել մարմնական վնասվածքներ»:

Օրաթերթի տեղեկություններով` վեճը ծագել է կայանատեղիի պատճառով: Երկու կողմն էլ տաքսի ծառայություն ունեն, և երբ Մելքոնյանի ծառայությանը պատկանող մեքենան կայանել է Գումի շուկայի մերձակայքում, որտեղ կանգնում են Բեգլարյանին պատկանող ծառայության մեքենաները, վեճ է ծագել, որը, փաստորեն, ավարտվել է ծեծկռտուքով: Միջադեպից հետո Բեգլարյանը` թերևս հասկանալով` ինչ հետևանք կարող է ունենալ այդ ամենը, շտապել է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի մոտ` խնդրելով տեղի ունեցածին ընթացք չտալ: Վերջինս փորձել է օգնել Երևանի նախկին քաղաքապետին, բայց չի ստացվել: Ոստիկանության ամփոփագրում նշված է, որ տուժողին տրվել է դատաբժշկական ուղեգիր և նյութեր են նախապատրաստվում: «ՀԺ»-ին երեկ հաջողվել է դեռևս ոչ պաշտոնապես ճշտել, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնում, այնուամենայնիվ, քրեական գործ է հարուցվել դեպքի փաստի առիթով` խուլիգանություն և ծեծ հոդվածով: «ՀԺ»-ն փորձել է դեպքի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ  ինչպես Անվտանգության խորհրդից, այնպես էլ ՕԵԿ-ից: Կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը փոխանցել է, որ իրենք նման անուն-ազգանունով անձ ՕԵԿ-ում չունեն: Իսկ Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը ասել է, որ Արթուր Բաղդասարյանն ունի մեկ օգնական, որի անունը Էդուարդ Մելքոնյան է, սակայն նշել է, թե ինքն առաջին անգամ է լսում նման բան: Թերթը տեղեկություններ ունի, որ իշխանության ամենավերին օղակներից հրահանգ է իջեցված նշված «քրգործը առաջ տանել»: Կհաջողվի արդյոք Գագիկ Բեգլարյանին հասնել նրան, որ գոնե իր մասով այս գործի հետ կապված խնդիրներ չառաջանան, դեռ դժվար է ասել, գրում է «Հայկական ժամանակը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Գագիկ Բեգլարյանը ՀՀ նախագահի արարողակարգի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի էր ենթարկել, որից հետո բարձարացած սկանդալի արդյունքում ստիպված էր եղել հրաժարական ներկայացնել:

Tekali Taxi