Home / Հայաստան / Ո՞վ է ում խաբում. Բողոքող առևտրականները հանդիպեցին նախարարի հետ

Ո՞վ է ում խաբում. Բողոքող առևտրականները հանդիպեցին նախարարի հետ

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն իր ղեկավարած կառույց հրավիրեց լրագրողներին և բողոքի ակցիայի մասնակիցներից տասին:

Հիշեցնենք, որ նախարարության մոտ մարդիկ շարունակում են բողոքել ներմուծվող ապրանքի 1 կիլոգրամի համար վճարվող տուրքի կրկնակի ավելացման դեմ:

Նշենք, որ առևտրականները Թուրքիայից, Սիրիայից և այլ երկրներից ապրանք տեղափոխելու համար դիմում են բեռնափոխադրող ընկերություններին, օրինակ` «Կովկաս տուր», «Նարինե», «Դեյվիդ տուր» և այլն, որոնք էլ, փաստորեն, բարձրացրել են մաքսազերծման գումարի չափը:

«Բեռնափոխադրումները լիցենզավորված գործունեություն չէ: Դա ազատ գործունեություն է, մասնավոր», – հավաքվածներին բացատրել է Մանուկ Վարդանյանը` նշելով, որ մաքսային ծառայությունում կամ այլ կառույցներում օրենքի փոփոխություն չի կատարվել:

Նշենք, որ մինչ այժմ բողոքողները որևէ պայմանագիր չեն կնքել բեռնափոխադրող ընկերությունների հետ:

«Եթե դուք ներքին կարգով պայմանավորվածություններ եք ձեռք բերում Թուրքիայում մասնավոր մարդկանց հետ, էստեղ ի՞նչ պիտի անի կառավարությունը: Եթե քրեական դաշտ կա, կուղարկենք քրեական դաշտ», – ասել է նախարարը:

Պարզվեց, որ ընկերություններն ապրանք են ներկրում Հայաստան որպես անհատներ: Նրանք հաշիվ-ապրանքագիր են տրամադրում այն մասին, որ արդեն Հայաստանի տարածքում մարդիկ իրենցից են գնում ապրանքը, այլ ոչ թե, օրինակ, Թուրքիայից: «Տեսնում եք, բոլորդ բոլորին խաբում եք, այդ թվում` պետությանը», – նկատել է նախարար Վարդանյանը:

Ներկաները խնդրեցին գրավոր տեսքով իրենց ներկայացնել այն, որ օրենքում որևէ փոփոխություն իսկապես չի կատարվել, կրկին ասացին, որ այդ ընկերություններն ամեն ինչ բարդում են կառավարության վրա: Նախարարն էլ, իր հերթին. առաջարկեց համատեղ դիմում գրել, որպեսզի այս հարցով զբաղվի դատախազությունը:

Մանուկ Վարդանյանը նաև խոստացավ դիմել մաքսային կոմիտեի նախագահին` գրավոր պատասխան ստանալու այն մասին, որ որևէ դրույքաչափի փոփոխություն տեղի չի ունեցել:

Ակցիայի մասնակիցները, թեև թերահավատորեն մոտեցան նախարարի բացատրություններին, սակայն համաձայնեցին սպասել պատասխանին և դրանից հետո որոշել իրենց հետագա անելիքները:

Tekali Taxi