Home / Հայաստան / Լրատվամիջոցն ուղարկել է Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքները գլխավոր դատախազին

Լրատվամիջոցն ուղարկել է Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքները գլխավոր դատախազին

Այսօր «Հետք» էլեկտրոնային թերթը պատվիրված նամակով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին է ուղարկվել «Հաղորդում հանցագործության մասին»` կցելով նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ըստ այդ հաղորդման, պատգամավորը ակնհայտ խոչնդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը` ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված:

«Ուստի, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար», – նշված է «Հետքի» նամակում:

Հաղորդմանը կցված է «Հետք» շաբաթաթերթի «N4 (64) փետրվարի 3-9, 2011» համարը` համապատասխան հոդվածի առկայությամբ, հեռախոսազրույցի ձայնագրությունը` խտասկավառակի վրա:

Անհրաժեշտության դեպքում լրատվամիջոցը պատրաստ է տրամադրել ձայնագրության բնօրինակը:

Հիշեցնենք, որ «Հետքի» հաղորդմամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հեռախոսով հայհոյել է hetq.am լրատվական կայքի լրագրողին:

Լրագրողը զանգել է Հայրապետյանին տեղեկանալու համար, թե վերջինս ի՞նչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո (Հայրապետյանը ի թիվս ԱԺ երեք պատգամավորների դատի է տվել օրաթերթին բարոյական վնաս կրելու համար):

Hetq.am-ի հաղորդմամբ` Ռուբեն Հայրապետյանը նախ ճշտել է` արդյոք զրույցը ձայնագրվում է, իսկ երբ տեղեկացել է, որ ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ է սկսել տալ, իսկ վերջում էլ ավելացրել է. «Լավ արեցի»:

Tekali Taxi