Home / Հայաստան / Կույր երիտասարդը բացատրում է Հայաստանի ԱԳՆ-ին ՀՀ քաղաքացու իրավունքները

Կույր երիտասարդը բացատրում է Հայաստանի ԱԳՆ-ին ՀՀ քաղաքացու իրավունքները

«Ասում են՝ ըստ դեմոկրատական բոլոր պետությունների (կարծես թե նաև ՀՀ-ի) սահմանադրությունների՝ «յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք (ՀՀ սահմանադրության հոդված 39)»: Այս մասին Facebook սոցիալական ցանցում տեղադրված իր բաց նամակում գրել է Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանը դիմել է ԱԳՆ` Դիվանագիտական դպրոցում ուսում ստանալու նպատակով, սակայն մերժում է ստացել` կույր լինելու պատճառով:

Արդյո՞ք ԱԳՆ կառավարման խորհրդի ու անձամբ նախարարի մերժման որոշումը չի խախտում սահմանադրության միանգամից երկու հոդված, հարցնում է նամակի հեղինակը:

«Սկզբում հավանաբար ենթադրելով, որ չտեսնողը շնչավոր անշարժ առարկա է ու ոչ բանական արարած՝ փաստարկեցին, որ միգուցե գրականություն կարդալու անկարողության պատճառով չեմ կարող ուսանել դիվանագիտական դպրոցում (մի՞թե տեղյակ չեն, որ կա բռայլյան համակարգ, որը թույլ է տալիս չտեսնողներին շոշափելու միջոցով կարդալ կամ որ կան կարդացող ծրագրեր, որոնք բարձրաձայն կարդում են էլեկտրոնային գրքեր), ի դեպ, այս երկու հնարավորություններն էլ տրվում են չտեսնող ուսանողներին զարգացած երկրների ուսումնական հաստատություններում)), հետո էլ նշում են, որ միգուցե հաճախելիության անհնարինության պատճառով՝ հավանաբար կարծելով, որ տեսողության կորուստը ինքնաբերաբար հանգեցնում է քայլելու կամ տեղաշարժվելու հնարավորության կորստի (ի դեպ, շատ երկրներում ստեղծում են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի չտեսնողն ինքնուրույն տեղաշարժվի կամ համալսարանները տրամադրում են ուղեկցող): Հարգելի ԱԳՆ թիմ, բոլորիդ հրավիրում եմ

ա. հրապարակում զբոսանքի, բ. վազքի մրցույթի, գ. պախկվոցի խաղալու, դ. լեռնագնացության` Ձեր իսկ ընտրած բարձունքը», – գրում է Բեգլարյանը:

Վերադառնալով ԱԳՆ կառավարման խորհրդի՝ անգամ  դիմումն ընդունելու մերժմանը՝  նամակի հեղինակը նշում է, որ ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի 121 որոշմամբ հաստատված ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում նշված և ոչ մի հիվանդություն չունի:

Facebook սոցիալական ցանցի իր էջում նա տեղադրել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը.

«Հարգելի Արտակ Բեգլարյանի հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի և հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների: Իրականությունը հետևյալն է. ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասարպայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլև ընդունելության և ավարտականգրավոր քննությունների համար»:

Սակայն, ըստ Արտակ Բեգլարյանի, նրանք անգամ չեն ուսումնասիրել, որ իր համարարտառոց պայմաններ հարկավոր չեն:

Իսկ դրա համար հարկավոր է ընդամենը մի համակարգիչ կամ քննություններին բանավոր պատասխանելու հնարավորություն: Ի դեպ, դիմողը պատրաստակամություն է հայտնում համակարգիչն իր հետ տանել:

«Հարգելի պարոն Բալայանը խոսում է հրապարակման մարդկայնորեն հուզիչ ասպեկտի մասին, այնինչ ես երբեք չեմ էլ ակնկալում խղճահարություն ստեղծելու միջոցով ճանապարհ հարթել իմ կրթության ու կյանքի ընթացքի համար: Տվյալ պարագայում ավելորդ է հուզվել, դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչու՞ է խախտվել օրենքը և ով է պատասխանատու դրա համար», – նշում է երիտասարդը:

Epress.am-ի հետ զրույցում Բեգլարյանը հույս է հայտնել, որ ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, կվերանայի իր որոշումը, սակայն «չի դիմում նման քայլերի մինչև իրեն չեն ստիպում»:

Երիտասարդի խոսքով` եթե ԱԳՆ որևէ քայլ չձեռնարկի, ինքը, գուցե, կդիմի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Tekali Taxi