Home / Հայաստան / Լոս Անջելեսում հայտնի դարձան «Գրեմիի» մրցանակակիրները

Լոս Անջելեսում հայտնի դարձան «Գրեմիի» մրցանակակիրները

Այսօր առավոտյան հայտնի են դարձել «Գրեմի» մրցանակաբաշխության հաղթողների անունները: Հանդիսավոր արարողությունը կայացել է Լոս Անջելեսում:

«Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Arcade Fire խմբի «The Suburbs» ձայնասկավառակը: «Տարվա հայտնություն» է դարձել Էսպերանսա Սփոլդինգը, ով շրջանցել է հայտնի փոփ-արտիստ Ջասթին Բիբերին:

Ձայնագրության ամերիկյան ակադեմիայի 6 մրցանակի ներկայացված Լեյդի Գագան հաղթող է դարձել երեք անվանակարգերում, ինչպես օրինակ` «Փոփ երաժշտության լավագույն կանացի ձայն», «լավագույն կարճ տեսահոլովակ»:

Երեք «Գրեմի» է ստացել Jay-Z-ը` բոլորը «ռեփ» անվանակարգում: Վերջինս նույնպես ներկայացված էր 6 անվանակարգերում:

Ռեփեր Էմինեմը, ով ներկայացված էր «Գրեմիի» 10 անվանակարգերում, այդ թվում` «Տարվա լավագույն ալբոմ», « Լավագույն ձայնագրություն», «Տարվա երգ», արդյունքում հաղթող է դարձել ընդամենը 2-ում: Նրա «Not Afraid» գործը դարձել է տարվա «Լավագույն սոլո կատարում» «ռեփ» ժանրում:

Հերթական «Գրեմին» է ստացել նաև Փոլ ՄըքՔարթնին: Ակադեմիան նրան հաղթող է ճանաչել «Ռոք երգի լավագույն կատարող» անվանակարգում The Beatles-ի “Helter Skelter” երգի համար, որը «կենդանի» տարբերակով թողարկվել է 2009 թվականին: Մրցանակը 14-րդն է ՄըքՔարթնիի ստեղծագործական կարիերայում: