Home / Հայաստան / Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչը չի պատրաստվում լքել Հայաստանը

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչը չի պատրաստվում լքել Հայաստանը

Կովկասյան խաղաղապահ նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը հերքել է այն լուրերը, համաձայն որոնց Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպման առիթով իր վերաբերյալ հնչող սպառնալիքների արդյունքում նա ստիպված է եղել լքել երկիրը:

«Երկիրը չեմ լքել, չեմ էլ պատրաստվում դա անել: Ինչպես միշտ, ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ Հայաստանի և Վրաստանի տարբեր շրջաններում: Անգամ իմ նկատմամբ բարյացակամորեն տրամադրված մարդիկ կարծում են, որ իրավիճակն այնքան է փոխվել, որ խաղաղապահ գործունեության համար Հայաստանում ինձ համար փակ են բոլոր դռները: Ես այդպես չեմ կարծում, և շարունակում եմ աշխատել», – իրավապաշտպանի խոսքերն է փոխանցում News.az-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության կազմակերպչի դեմ սոցիալական կայքերում և ԶԼՄ-ներում արշավ էր սկսվել: Անանուն մարդիկ հեռախոսազանգերի միջոցով Վանյանին սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Տարբեր հաստատությունների ղեկավարներ ապօրինի կերպով չեղյալ էին հայտարարում փառատոնի համար տեղի վարձակալման մասին պայմանագրերը:  Facebook սոցիալական կայքում փառատոնի պաստառի տեղադրումը լուրջ քննարկումների առիթ էր դարձել: Որոշ օգտատերեր սկսեցին սպառնալ ոչ միայն փառատոնի կազմակերպչին, այլ նաև փառատոնի անցկացման գաղափարի կողմնակիցներին` նրանց ազգի դավաճաններ կնքելով:

Փառատոնին աջակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, որի մամուլի քարտուղարը Epress.am-ին հայտնել էր, որ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի անցկացումը նպաստում է հանդուրժողականության տարածմանը, թույլ է տալիս ծանոթանալ այլ մշակույթի հետ և բազմակարծություն է ստեղծում:

«Վերոնշյալ կետերը շատ կարևոր արժեքներ են ցանկացած ժողովրդավարական երկրի համար: Մենք գտնում ենք, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը հիանալի գաղափար է, այդ իսկ պատճառով որոշել ենք աջակցել դրա իրականացմանը», – նշել էր ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Քերըն Ռոբլին:

Tekali Taxi