Home / Հայաստան / Ոստիկանությունը վարորդներին հորդորում է մարդկանց չտանել հանրահավաքի. ՀԱԿ

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է մարդկանց չտանել հանրահավաքի. ՀԱԿ

Այսօր վաղ առավոտից խուլ փակված են Գյումրի քաղաքի կենտրոնական փողոցները, ոստիկանական պոստեր են դրվել նաև քաղաքից դուրս եկող մայրուղու վրա, ասված է Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ։

«Խնդիրը վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերի` դեպի Երևան երթը և Գյումրիում ինքնաբուխ հանրահավաք անցկացնելը խոչընդոտելն է։ Ոստիկանությունը, սույն գործողության հետ կապված, պաշտոնապես ոչ մի օրինական հիմք չի կարողանում մատնանշել։ Մենք դատապարտում ենք վարչախմբի կողմից մարդու հանրահայտ՝ ազատ տեղաշարժվելու եւ հավաքներ անցկացնելու իրավունքի այս բացահայտ ու ցինիկ ոտնահարումը։ Դրանով նա ոչ թե իր ուժն է ցուցադրում, այլ վախը, որ նրան պատել է մասնավորապես վերջին շրջանում. մի կողմից՝ այլ երկրներում բռնատիրությունների դեմ համաժողովրդական շարժումների ծավալման, մյուս կողմից Հայաստանում նորանոր սոցիալական շերտերի քաղաքական ակտիվացման հետ», – ասված է հայտարարության մեջ։

Վերջինիս հեղինակները նշում են, որ իրենք բազմաթիվ տեղեկություններ են ստացել նաև այն մասին, որ արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները ողջ հանրապետությունով մեկ «անձնական զրույցներ» են ունենում ոչ միայն ավտոբուսների և միկրոավտոբուսների սեփականատեր վարորդների, այլև տաքսի ծառայության վարորդների հետ՝ պահանջելով նրանցից փետրվարի 18-ին՝ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի օրը, դեպի Երևան ուղևոր չտեղափոխել։

«Հանձնարարություն է տրված ամենուր խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը։ Վարչախումբն այնքան է սարսափած Հայ Ազգային Կոնգրեսի՝ փետրվարի 18-ի հանրահավաքից, որ պատրաստ է հանրապետությունով մեկ կաթվածահար անել տրանսպորտի աշխատանքը։ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ արգելքները հաղթահարելու համար։ Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կառնչվեն այդօրինակ դեպքերի, մեզ անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին` 52.09.74 հեռախոսահամարով», – ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

Tekali Taxi