Home / Հայաստան / Փոստանջյանի նկատմամբ հաշվեհարդարը կապում են վարորդների բողոքի հետ

Փոստանջյանի նկատմամբ հաշվեհարդարը կապում են վարորդների բողոքի հետ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր Տիգրան Փոստանջյանի նկատմամբ առաջդրված մեղադրանքը նույն խմբակցության  պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գնահատում է  որպես «Ժառանգություն» կուսակցության  նկատմամբ հաշվեհարդար` համարելով Փոստանջյանի եղբորը զոհ և նշելով, որ այդ հարվածը ուղղված է ոչ միայն  Զարուհի Փոստանջյանին, այլև` «Ժառագության» կուսակցությանը:

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ դատախազության, «երեք օր առաջ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման  բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել և ապօրինի ստացել է 100,000 դրամ վարձատրություն»:

«Երբ ուրբաթ օրը երեկոյան պարզ դարձավ, թե ինչ է կատարվում, կարելի է ասել, բառացի գործողության մեջ դրվեց կոալիցիոն հուշագիրը, այսպես ասած, առաջիկա ընտրություններին ընդառաջ ուղղակի քաղաքական հաշվեհարդարներ տեսնել բոլոր այն մարդկանց, բոլոր այն քաղաքական ուժերի հանդեպ, այն քաղաքացիական, հասարակական շարժումների և դրանց զորակցող մարդկանց հանդեպ, ովքեր կարող են սպառնալ իրենց իշխանությանը և աթոռները մեջ-մեջ անելուն»,- ասել է Ստեփան Սաֆարյանը:

Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը, ով ևս ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը պատմել է, որ ուրբաթ երեկոյան Տիգրան Փոստանջյանը անծանոթ մարդուց հեռախոսազանգ է ստացել, ով ասել է, որ իրեն ստիպում են Տիգրանի դեմ ցուցմունք տալ, քանի որ այդ մարդիկ ուզում են Զարուհի Փոստանջյանից հաշվեհարդար տեսնել:

Երբ Տիգրանը փորձել է հանդիպել այդ մարդու հետ, նա նշանակված ժամին և նշանակված վայր չի ներկայացրել: Եվ միայն դրանից հետո է Տիգրան Փոստանջյանը դատախազության կայքից տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Փաստաբանը դա որակել է բիրտ ձևով մարդու իրավունքների խախտում:

«Հանրային ծառայողը ստացել է ապօրինի վարձատրություն: Ինչն է այստեղ ուշագրավ, որ քրեական գործ են հարուցել և մի անգամ նրան չեն կանչել հարցաքննության: Հիմա եթե ցանկացած մեկը հաղորդում ուղարկի դատախազություն` հանցագործության մասին, ապա դատախազությունն իրեն կվերապահի հայտարարել,  որ այդ մարդը հանցագործ է»,- նշել է փաստաբանը:

Իսկ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը որևէ բանից հետ չի կանգնելու: «Սա սրբազան պատերազմ է, մենք պատերազմելու ենք և հաղթանակած ենք դուրս գալու»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Նա վստահ է , որ դա պատվեր է. Փոստանջյանը չի բացառել, որ այդ պատվերը գալիս է ամենաբարձր ատյաններից:

Զարուհի Փոստանջյանի կարծիքով` նման հաշվեհարդարը գյումրեցի և վանաձորցի վարորդների բողոքի ակցիաներին իր մասնակցության արդյունք է:

Նա նշել է, որ գյումրեցի վարորդներն իրեն փոխանցել են ոստիկանների խոսքերը: Վերջիններս հանդիպել են բողոքող վարորդներին և ասել են, որ «Փոստանջյանը չի կարողանում իր եղբորը իրավունքները պաշտպանել, Ձերը ոնց ա պաշտպանելու»:

Ստեփան Սաֆարյանը, խոսելով այն մասին, թե ինչ ձևով է դատախազությունը Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, ասել է, որ, առաջնորդվելով նույն տրամաբանությամբ, հիմքում ունենալով Վիքիլիքս կայքի հրապարակումները, կարելի է հայտարարել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կավատ է և զբաղվում է մարդկային առևտրով:

«Ժառանգության» պատգամավորները նաև տեղեկացերել է, որ նմանատիպ սպառնացող զանգեր իրենք միշտ էլ ստացել են, ուղղակի չեն ցանկացել բարձրաձայնել դա:

Սաֆարյանի խոսքով` այս գործելաոճը դատապարտված է ձախողման և իրենց կողմից լինելու է ոչ թե պաշտպանություն, այլ հարձակում: Փաստաբան Հայկ Ալումյանը, խոսքն ուղղելով գործը նախաձեռնողներին, ասել է, որ այն հասնելու է  մինչև Եվրոպական դատարան, եթե «այս գծով շարունակվի»:

Tekali Taxi