Home / Հայաստան / Օսկանյանը մարտի 1-ի համար ներողություն չի խնդրելու

Օսկանյանը մարտի 1-ի համար ներողություն չի խնդրելու

«Ես մարտի մեկի ոչ մեղսակից եմ եղել, ոչ էլ քողարկող. հակառակը` ես կանխարգելող եմ եղել»: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց և պատասխան» շարքի առաջին քննարկմանը հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանը:

Մարտի 1-ին արված իր հայտարարության մասին հարցին` Օսկանյանը բավական մեծ պատրաստակամությամբ է պատասխանել` նշելով, որ ուրախ է «Մարտի 1-ի» 3-րդ տարելիցի նախօրեին պարզաբանումներ տալ այդ խնդրի շուրջ:

Օսկանյանի խոսքով` երեք տարի առաջ այդ օրը նա համաձայնել է ասուլիս տալ, քանի որ, իր խոսքով, քաղաքական պատասխանատվության զգացում ուներ:

«Նման իրավիճակում լռությունն ամենավտանգավոր բանն է, և պետք է գտնվեր մեկը, որ կարողանար խոսել ժողովրդի հետ», – ասել է Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարը խոստովանել է նաև, որ հայտարարություն անելուց առաջ ինքը պայման էր դրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի առջև, որ իր ելույթում պիտի ընդդիմությանը կոչ անի երկխոսության, որին, Օսկանյանի խոսքով, Քոչարյանը համաձայնել է:

«Ես կոչ եմ արել ընդդիմությանը երկխոսության: Այնպես որ, ես այդ իրադարձությունների կանխարգելման փորձ արած անհատ եմ», – նշել է ԱԳ նախկին նախարարը:

Օսկանյանը հայտարարել է նաև, որ մտադիր չէ իր արածի համար ներողություն խնդրել. «Ներողություն խնդրելու խնդիր չունեմ: Ներողություն խնդրելու համար պետք է հավատամ, որ սխալ եմ գործել, իսկ ես այսպես չեմ կարծում»:

«Եթե զգայի, որ սխալ բան եմ անում, չէի անի», – հավելել է նա:

Խոսելով մարտի մեկի հետևանքների մասին` Օսկանյանը նշել է, որ ինքը հույս ուներ, որ իշխանությունները «կամոքեն այդ վերքը», առաջին հերթին` ազատելով բոլոր քաղբանտարկյալներին:

«Կարծում եմ` նախագահի առաջին հրամանը դա պիտի լիներ», – ասել է Օսկանյանը` նշելով, որ եթե դա չի արվել երեք տարի առաջ, չի նշանակում որ չի կարող արվել այսօր:

«Այսօր էլ ուշ չէ: Եթե դա արվի, մենք (նկատի ունի Հայաստանը – խմբ.) բոլոր առումներով այլ հարթության վրա կլինեինք», – եզրափակել է նախկին արտգործնախարարը:

Tekali Taxi