Գլխավոր / Հայաստան / Պատգամավորի վրա հարձակումն ավազակապետության նոր որակի դրսևորում է. ՀԱԿ

Պատգամավորի վրա հարձակումն ավազակապետության նոր որակի դրսևորում է. ՀԱԿ

Իշխանությունը ոչ միայն կորցնում է սառնասրտությունը, այլև ամենափոքր առիթներով մատնում իր խուճապը։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի հաղորդագրության մեջ:

«Մարտի 3-ին կառավարության շենքի առջև իրենց իրավունքների համար խաղաղ ցույցի դուրս եկած ընդամենը մոտ երկու տասնյակ առևտրականների վրա են հարձակվել եռակի ավելի թվով ոստիկաններ։ Նմանատիպ բռնություններ կիրառվել են նաև ԱԺ առջև բողոքող քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք է տարվել Վարդգես Գասպարին։ Ընդ որում՝ Սահմանադրության և օրենքի կոպիտ այդ ոտնահարումը կատարել են բարձրաստիճան ոստիկանների ղեկավարությամբ՝ արհամարհելով նաև Ազգային ժողովի «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ, պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի և Արմեն Մարտիրոսյանի ներկայությունը։ Ավելին՝ վերջիններս էլ են դարձել նրանց հարձակման և ուժի գործադրման թիրախ», — նշում են հայտարարության հեղինակները։

Հայ Ազգային Կոնգրեսն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել իրենց իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին և այդ պայքարը սատարող պատգամավորներին:

«Կոնգրեսը դատապարտում է իշխանության անզորությունից բխող հերթական այս վայրագությունը և հայտարարում, որ բոլոր օրինախախտները, սկսած կատարողներից և վերջացրած հրաման տվողներով, պատասխան են տալու օրենքի առաջ: Ոստիկանն իրավունք չունի ձեռք բարձրացնել ոչ մի քաղաքացու վրա: Բայց երբ ոստիկանը ձեռք է բարձրացնում ԱԺ պատգամավորի վրա, սա արդեն ավազակապետության նոր մի որակի դրսևորում է, պետական իշխանության խայտառակություն կամ չգոյության ապացույց: Իշխանությունը նման վարքագծով պետությունը վերածում է խուժանապետության: Եթե Ազգային Ժողովը համարժեք գնահատական չտա կատարվածին և միջոցներ չձեռնարկի, որ բոլոր մեղավոր ոստիկանները պատժվեն, ուրեմն ընդունում է, որ ինքն ամբողջ կազմով արժանի է նման վերաբերմունքի», — նշված է հայտարարության մեջ: