Home / Հայաստան / Վարչապետը կարգադրել է ծառայողական քննություն սկսել ոստիկանների գործողությունների առիթով

Վարչապետը կարգադրել է ծառայողական քննություն սկսել ոստիկանների գործողությունների առիթով

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մոտ մեկ ժամ զրուցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Սաֆարյանը նշել է, որ ինքը վարչապետին ներկայացրել է այսօր առավոտյան ՀՀ Կառավարության շենքի առջև տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունները:

«Ռոբերտ Մելքոնյան և Խաչիկ Ավետիսյան անունով մարդիկ շատ վատ հայհոյանքներ սկսեցին տեղալ կանանց հասցեին: Վարչապետն ասաց, որ կարծես թե Վարդգես Գասպարիի պահվածքից է սկսվել ոստիկանության գործողությունները, սակայն ես նրան ասացի, որ մինչ Գասպարիի ժամանելն էլ արդեն հրում և հայհոյում էին մարդկանց», – պատմել է պատգամավորը:

Սաֆարյանը վարչապետին առաջարկել է ծառայողական քննություն սկսել այսօրվա, ինչպես նաև փետրվարի 28-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, երբ ոստիկանության ներկայացուցիչները նույնպես խոչընդոտել էին բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մարդկանց ակցիան և հրել էին մի կնոջ, ով ընկել էր և կոտրել էր ոտքը: Սաֆարյանը նաև առաջարկել է քրեական գործ հարուցել ոստիկանների նկատմամբ:

«Հենց մեր ներկայությամբ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ և նրան հանձնարարեց անմիջապես ծառայողական քննություն սկսել: Մենք հետևողական ենք լինելու և հասնելու ենք նրան,որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցեն», – ասել է Սաֆարյան: