Մարտի 1-ի հանրահավաքը հոյակապ համաժողովրդական հանրահավաք էր և տարբեր տվյալներով հավաքվել էր 50-ից 60 հազար մարդ և սա ցույց է տալիս, որ շարժումը ճիշտ ուղու վրա է և թափ է հավաքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Ասուլիսի ընթացքում Զուրաբյանն անդրադարձել է մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանների գործողություններին` որակելով որպես հանցավոր: Բանախոսի խոսքով` ոստիկաններն այդ օրը զբաղված էին ոչ թե հասարակական կարգի պահպանությամբ, այլ քաղաքականությամբ: Նա տեղեկացրել է, որ այդ օրը ոստիկանները ճզմում էին մարդկանց դեպի Մատենադարան, որպեսզի չերևա, որ շատ մարդ է հավաքվել, իսկ դրա արդյունքում մարդիկ կարող էին խեղդվել:
«Սա հանցագործություն է և մենք կոչ ենք անում, որ սա դադարեցվի, չի կարելի քաղաքական հայացքների համար մարդկանց ոտնակոխ անել», – ասել է Զուրաբյանը:
Վտանգավոր երևույթներից զերծ մնալու համար` ՀԱԿ համակարգողը մարտի 17-ի հանրահավաքից առաջ, որը, նրա խոսքով շատ ավելի մարդաշատ է լինելու, ոստիկաններին 4 կետից բաղկացած պահանջ է ներկայացրել:
«Առաջին, որ ոստիկանները դադարեցնեն քարոզչական նպատակով մարդկանց ճզմելու հանցավոր գործողությունները, արհեստական ոստիկանական պատերի ստեղծումը, 2-րդ` ոստիկանության տեսակետից երկու լուծում կա. կա’մ բացել Ազատության հրապարակը, քանի որ այնտեղ նման խնդիր չի կարող առաջանալ, կամ փակել Կորյուն փողոցը` ամբողջությամբ: 3-րդ պահանջը`ոստիկանները, ավելորդ լարվածություն չստեղծելու համար, թող չուղարկեն քաղաքացիական հագուստով ոստիկանների: 4-րդ` թող դադարեցնեն սադրիչ գործակալների ուղարկումը, քանի որ այժմ աննախադեպ ձևով աճում է մեր հանրահավաքների մասշտաբները և ոստիկանության վրա պատասխանատվություն է դրված, որ նրանք ամեն ինչից վեր դասեն քաղաքացիների անվտանգությունը, այլ ոչ թե փորձեն վտանգել մարդկանց կյանքը` իրենց քաղաքական գործողություններով»: