Գլխավոր / Հայաստան / Դպրոցականները կոչ են արել Հովհաննիսյանին «գործունեությունը շարունակել այլ ատյաններում»

Դպրոցականները կոչ են արել Հովհաննիսյանին «գործունեությունը շարունակել այլ ատյաններում»

Այսօր մարտի 15-ից Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Երևանի ավագ դպրոցի աշակերտներից կազմված պատվիրակությունն իրենց ուսուցիչների հետ միասին:

Նրանք նամակ են հանձնել Րաֆֆի Հովհաննիսյանին` կոչ անելով դադարեցնել հացադուլը, քանի որ, ինչպես նշված է նամակում, «իրենց համար թանկ է վերջինիս առողջությունը»:

«Մենք լավ հասկանում ենք, որ Ձեր կոչը՝ իշխանությունը վերադարձնելու ժողովրդին, ձերբազատվելու կոռուպցիայից, կասեցնելու արտագաղթը, վերացնելու անարդարությունը և պահպանելու մեր մշակույթը և հայեցի կրթությունը, նպատակ ունի մեր սերնդի համար ապահովել բարեկեցիկ և արժանապատիվ ապագա։ Մեր սերնդակիցների անունից խնդրում ենք Ձեզ դադարեցնել հացադուլը Ազատության հրապարակում և շարունակել Ձեր գործունեությունն այլ ատյաններում»,- հայտարարել են աշակերտները:

«Ժառանգության» առաջնորդն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել աշակերտներին նախաձեռնության համար և ասել.

«Հուսով եմ, կկարողանամ վաղը գոնե իմ նախնական և ամբողջական պատասխանը տալ ձեզ` մեր երիտասարդ սերնդին, որովհետև ես հավատում եմ, որ իմ այս փոքր քայլ Ազատության հրապարակում արել եմ ոչ թե մեծ մասշտաբով մեծ փոփոխություն բերելու համար, այլ որպեսզի բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը և երիտասարդությունը հասկանան, որ այսպես շարունակել չենք կարող»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ վաղը պատրաստվում է պատասխանել լրագրողների հարցերին:

Epress.am-ի հետ զրույցում աշակերտներն ասել են, որ իրենց ուսուցիչների նախաձեռնությամբ են եկել հրապարակ, սակայն, մի փոքր անց ներկայանալ չցանկացող մի ուսուցիչ մեզ տեղեկացրել է, որ աշակերտները սխալ են ասել, դա հենց աշակերտների նախաձեռնությունն է:

Մեզ հետ զրույցում «Պատանեկան նվաճումներ» հ/կ-ի կոորդինատոր Անահիտ Մանուկյանը նշել է, որ քանի որ աշակերտներն ավագ դպրոցում անցնում են քաղաքացիական կրթություն առարկան, նրանց նման վերաբերմունքն իրենց սովորածի դրսևորումն է: