Home / Հայաստան / «Արմավիան» հակասում է «Զվարթնոցին»

«Արմավիան» հակասում է «Զվարթնոցին»

«Արմավիա» ընկերությունը մեկնաբանել է տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե նախօրեին հետաձգվել են Երևան-Հռոմ, Երևան-Ռոստով, Երևան-Թեհրան և Երևան-Դելի չվերթները, իսկ Երևան-Մյունխեն-Երևան և Հռոմ-Երևան չվերթները չեղյալ են հայտարարվել:

«Զվարթնոց» օդանավակայանի օնլայն չվացուցակի համաձայն` այսօր արդեն չեղյալ է հայտարարվել «Արմավիայի» U8 508 Երևան-Մոսկվա (դեպի Շերեմետևվո) չվերթը, որը պետք է չվերթ իրականացներ ժ.02:50-ին, ինչպես նաև ժամը 09:10-ի U8 315 Երևան-Ամման չվերթը: Համաձայն նույն չվացուցակի` դեպի Ռոստով չվերթն իրականացվել է 07:00-ին` 20 ժամ ուշացումով:

Այս պահին օդանավակայանի կայքը հայտնում է նաև, որ Երևան-Մոսկվա (դեպի Դոմոդեդովո) չվերքը, որը պետք է իրականացվեր 09:45-ին, հետաձգվել է 3 ժամով:

«Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ի պատասխան Epress.am-ի խնդրանքի` հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Երևան-Մյունխեն չվերթը պետք է բացվի միայն ապրիլի 21-ին, իսկ Երևան-Հռոմ չվերթն իրականացվելու է այսօր:

«Ընկերության չվացուցակով նախատեսված մնացած չվերթներն իրականացվել են ժամանակին: Երևան-Հռոմ չվերթը հետաձգվում է այն պատճառով, որ այս պահին երկու օդանավ տեխնիկական զննում է անցնում: Մեկ օդանավ մեկշաբաթյա գործուղման է ուղղվել Սեյշելյան կղզիներ, մյուսը սարքին չէ: Այսօր ևս մեկ օդանավ պետք է վերադառնա, որը վերանորոգման մեջ էր: Դրանից հետո չվերթների հետաձգում չի լինելու», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «Արմավիան» հետաձգել էր իր չվերթները մեկ ժամով` ի նշան բողոքի «Զվարթնոցի» սահմանած բարձր գների դեմ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Նանա Ավետիսովան, «խնդիրը կայանում է նրանում, որ «Զվարթնոց»-ում օդանավակայանային ծառայությունները 3 անգամ ավելի թանկ են, քան Մոսկվայի օդանավակայաններում, և միջինը 2 անգամ թանկ, քան Եվրոպայում (Փարիզի օդանավակայաններից` 1,5 անգամ, Հռոմի` 2,5 անգամ)»:

Հիշեցնենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը, իր հերթին, «Արմավիային» մեղադրել էր հարկերը չվճարելու մեջ:

Tekali Taxi