Home / Հայաստան / Ստեփանակերտի օդանավակայանի բացումը մտահոգում է Մինսկի խմբին

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը մտահոգում է Մինսկի խմբին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) ամփոփել են ապրիլի 11-14-ին Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու կատարած այցը համատեղ հայտարարության տեսքով, որը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Այլ հարցերի թվում, համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են առաջիկայում Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման փաստին` մտահոգություն հայտնելով, որ դա կարող է սրել կողմերի միջև լարվածությունը:

Ըստ համանախագահների` Ստեփանակերտի օդանավակայանից իրականացվելիք թռիչքները չեն կարող ազդել Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխման վրա` միջազգային համաձայնագրերին համապատասխան:

Համանախագահները ողջունելի են համարել կողմերի երաշխիքներն առ այն, որ վերջիններս զերծ կմնան յուրաքանչյուր տեսակի սպառնալիքներից և քաղաքացիական օդանավերի վրա հարձակումներից և որ այս հարցը կուսումնասիրեն դիվանագիտական միջոցներով և զերծ կմնան խնդրի քաղաքականացումից:

«Ապրիլի վերջին Մինսկի Խմբի համանախագահները կմեկնեն Վաշինգտոն, որտեղ  ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ կխորհրդակցեն հակամարտության խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi