Home / Հայաստան / Խնդրահարույց Հայաստանն ու հիանալի Վրաստանը. փորձագետները` ամերիկյան փողերի մասին

Խնդրահարույց Հայաստանն ու հիանալի Վրաստանը. փորձագետները` ամերիկյան փողերի մասին

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի` Հայաստանում իրականացվող ծրագրերի ֆինանսավորումից հրաժարվելու մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը չի զարմացրել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին: Այն, ինչ ասաց դեսպան Մարի Յովանովիչը, փորձագետի խոսքով, վաղուց էր հայտնի: «Ոչ մի նոր բան այստեղ չկա», այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ Յովանովիչն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր Հայաստանը չի կարող նոր ծրագրերի ֆինանսավորում ակնկալել, քանի որ ընտրությունների և մի շարք այլ հանգամանքների պատճառով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:

Իսկանդարյանի խոսքով` ծրագրի մի մասը վերաբերում էր ոռոգման համակարգերին, մյուս մասը` գյուղական ճանապարհներին: Ծրագրի իրականացումը դադարեցվել էր դեռ 2008-2009 թվականներին. «Հասկանալի էր, որ ծրագիրը կյանքի չի կոչվի: Գումարները, որոնք պետք է հատկացվեին այս ծրագրերի իրականացմանը, տրամադրվեցին Վրաստանին: Խնդիրը պայմանավորված էր ընտրություններով, մարտի 1-ով և հետընտրական իրադարձություններով»:

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից` քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը հիշեցրել է «ծրագրի սկզբում առկա էյֆորիայի» մասին. «Հիմա մեզ փորձում են համոզել, որ ծրագրի ավարտը շատ սովորական, նորմալ երևույթ է»: Սեդրակյանը նշել է, որ կարելի է պարզապես զուգահեռներ անցկացնել ծրագրի սկզբում առկա ոգևորվածության, էմոցիաների և ներկայիս մոտեցման միջև, համաձայն որի ծրագրի ավարտը շատ նորմալ է:

Վերլուծաբանի խոսքով` «դատելով Յովանովիչի խոսքերից` մարդու իրավունքներն ու ընտրական իրավունքի խախտման հարցերն իրենց կարևորությամբ զիջում են ֆինանսական խնդիրներին»:

«Զուգահեռաբար բացվում է Վրաստանի ծրագիրը, ուզում եմ մեջբերել ծրագրի բացման կապակցությամբ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներկայացուցչի խոսքերը. «Ես հիացած եմ Վրաստանով, քանի որ այն հսկայական հակակոռուպցիոն աճ է ցուցադրում, ինչպես նաև ապացուցում է ժողովրդավարական ծրագրերի և մարդու իրավունքների հանդեպ նվիրվածությունը»»,- հայտարարել է Սեդրակյանը:

Tekali Taxi