Home / Հայաստան / Բղավել, կոչ անել. Հրեական համայնքը հայերին հորդորում է հետևել իրենց օրինակին

Բղավել, կոչ անել. Հրեական համայնքը հայերին հորդորում է հետևել իրենց օրինակին

Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի հրեական համայնքը Ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«96 տարին հսկայական թիվ է, սակայն հիշողության և ազգի ողբերգության, ժողովրդի ողբերգության ճանաչման համար գոյություն չունի ոչ ժամանակ, ոչ տարածություն: Մենք գտնում ենք, որ որքան հեռանում են այդ իրադարձությունները, այնքան դրանք ավելի լուրջ, նկատելի և սարսափելի են թվում»: Երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը ներկայացրել և մեկնաբանել է հայտարարությունը:

«Հայաստանի հրեական համայնքը, որում ընդգրկված է մոտ 1000 մարդ, ճանաչում ու այդ իրադարձություններն անվանում է մարդկային ամենասարսափելի բառով` Ցեղասպանություն, և կոչ է անում աշխարհի բոլոր ազգերին, բոլոր կառավարություններին, բոլոր երկրներին, որոնք մինչ այժմ չեն արտաբերել այդ բառը, ճանաչել  Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության փաստը»,- ասել է Վարժապետյանը:

Լինելով հասարակական կազմակերպություն` համայնքը չի կարող որևէ քաղաքական քայլ ձեռնարկել: «Մենք կարող ենք միայն մեր քաղաքացիական դիրքորոշումը, մեր վրդովմունքը, ցավակցությունը հայտնել», – ասել է Վարժապետյանը:

Նա նշել է նաև, որ բազմիցս է հանդես եկել հրեական ֆորումներում  և «բարձր ամբիոններից» կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը: «Շատերն անգամ չգիտեն այդ իրադարձությունների մասին: Դուք պետք է ամեն ինչ անեք այնպես, ինչպես դա անում ենք մենք, ինչպես դա անում են պրոֆեսիոնալները, ես կարծում եմ, որ դա ամենակարևոր քայլն է` տեղեկատվություն տալ, բղավել, կոչ անել, գործել»:

Համայնքի նախագահը վկայակոչել է հրեական ազգի փորձը: Նրա խոսքով` ոչ մի հարուստ հրեա «չի վախենում գումարներ տրամադրել տեղեկատվության տարածման համար և իր պարտքն է համարում ներդրում ունենալ Հոլոքոստին նվիրված դասընթացների, սեմինարների անցկացման, տարբեր աշխատությունների հրապարակման գործում»:

«Աշխարհում Հոլոքոստի ժխտման քաղաքականություն է տարվում, որովհետև ամեն ինչ ժամանակի ընթացքում մարում է, նոր սերնդի սիրտը դադարում է ցավալ, քանի որ նրանք չգիտեն` ինչ է եղել: Այդ իսկ պատճառով հրեաները կարծում են, որ ցանկացած միջոց պետք է կիրառել, որպեսզի լինի համապատասխան քարոզչությունը, և, անշուշտ, հայերը պետք է դա անեն»:

Ապրիլի 22-ին Ռիմա Վարժապետյանը մեկնելու է Վաշինգտոն` մասնակցելու ԱՄՆ-ի հրեական հանձնաժողովի հերթական հավաքին, որտեղ հրեական համայնքի նախագահը կրկին կանդրադառնա այս հարցին:

Նա նշել է, որ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ, և որ իր այդ քայլը ողջունում են բազմաթիվ հրեական կազմակերպություններ:

Tekali Taxi