Home / Հայաստան / «Երբ արվեստը ծնում է քաղաքականություն…». Երևանում պատմեցին ակտուալ արվեստի մասին

«Երբ արվեստը ծնում է քաղաքականություն…». Երևանում պատմեցին ակտուալ արվեստի մասին

Երևանում կայացած «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստին «Արվեստը և քաղաքականությունը» թեմայի քննարկման շրջանակում հրապարակախոս, արվեստագետ Արման Գրիգորյանը ներկայացրել է «Ազատագրող արվեստ» զեկույցը:

Գրիգորյանի խոսքով` ժամանակակից կամ ակտուալ արվեստն անկախության տարիներին հանդիսացավ արվեստի այն բացառիկ ոլորտը, որին հաջողվեց դուրս գալ իշխանութունների հովանավորչության ու հսկողության շրջանակից, և ձևավորել իր սեփական գաղափարախոսությունը, իր տնտեսական համակարգը, իր կրթական հաստատությունները, ցուցադրման վայրերը, միջազգային կապերը, այն ամենը, ինչ անհրաժեշտ է ոլորտի ինքուրույն զարգացման համար: Դրա պատմական ակունքները գալիս են դեռևս 60-ական թվականներից, երբ առաջադիմական, ավանգարդ կերպարվեստը, ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ Հայաստանում գնաց բացահայտ, զանգվածային խզման իշխող և իշխանական պատկերացումների, ինստիտուտների, ինչպես նաև քաղքենիա-սպառողական ճաշակի ու պատկերացումների հետ:

Ժամանակակից արվեստի ներկայացուցիչները համաձայնեցին վարել ընդհատակյա, ոչ ֆորմալ, չհասկացվածների կյանք` շարունակելով գիտակցել, բյուրեղացնել ու զարգացնել իրենց սկզբունքային մոտեցումները արվեստում:

Գրիգորյանը նշել է, որ ակտուալ արվեստն իրեն կարողացավ գիտակցել ոչ որպես արդեն գոյություն ունեցող իրականությունն վերարտադրող, այլ՝ իբրև իրականություն ստեղծող, և, ինչը հատուկ կարևորվեց, առաջին հերթին, մեր իրականության սոցիալական, քաղաքական, գաղափարական շերտերի ստեղծողը ու ակտիվ մասնակիցը: Դրանով իսկ ժամանակակից արվեստի դիրքը տարբերվեց ինչպես ավանդական կերպարվեստի, այնպես էլ սովետական գրականության, կինոյի ու թատրոնի դիրքից, քանի որ վերջիններս կարող էին լինել ընդդիմադիր ու նորարական ըստ բովանդակության, սակայն ավելի խորքային, ձևերի ոլորտում. նրանք շարունակում էին, որպես կանոն, մնալ վերարտադրող, չէին ստեղծում գոյության սկզբնական տարրերի հայտնաբերման և կիրառման արմատական գիտությունն ու մեթոդաբանությունը, ինչպես դա արեց ակտուալ արվեստը:

«Հիմնական գյուտը, անցումը ավանդական արվեստից այստեղ այն է, որ ակտուալ արվեստագետը ստեղծում է ոչ թե պատկեր, այլ՝ արարք, ժեստ, որը ամբողջությամբ գտնվում է մարդկային՝ սոցիալական աշխարհում, հենց մարդկանց հասարակական պատկերացումներն է օգտագործում իբրև իր նյութ, և հենց այդ, էապես քաղաքական ոլորտում կատարում է իր արարքը, ակցիան` դա վերածելով քաղաքական գաղափարի: Այդ պատճառով՝ ժամանակակից արվեստը ձգտում է դինամիկայի, պերֆորմատիվության, այն արտադրում է հենց քաղաքական մարդուն և իր քաղաքական արարքը, ժեստը», – ասել է Գրիգորյանը:

Արվեստագետը նաև ներկայացրել է` ինչպես 1988-ի Շարժումից մինչ այսօր ակտուալ արվեստի ոլորտում պահպանվել և զարգացել են ազատական-քաղացիական մոտեցումները, մշակութային հեղափոխության շունչը, որն այսօր կրկին կարողացել է վերադառնալ զանգվածային-քաղաքական ոլորտ:
Գրիգորյանի խոսքով` այժմ ստեղծվել է ակտուալ արվեստի ու սոցիալական իրականության նույնացման հնարավորություն, երբ արվեստը անմիջապես ծնում է քաղաքականություն, իսկ քաղաքականությունը՝ արվեստ:

Տեքստը տրամադրել է Արա Նեդոլյանը

Լուսանկարը` Արման Գրիգորյանի Facebook-ի էջից

Tekali Taxi