Home / Հայաստան / «Ցեղասպանության թանգարան Անկարայում». Թուրքիայում պատրաստ են գիտակցել անցյալը

«Ցեղասպանության թանգարան Անկարայում». Թուրքիայում պատրաստ են գիտակցել անցյալը

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, Ստամբուլում Epress.am-ի թղթակցի հետ զրույցում օրվա խորհրդի մասին են խոսել թուրք մտավորականները, լրագրողները, հասարակական գործիչները: Նրանց կարծիքները ներկայացնում ենք ստորև.

Քեմալ Գյոքթաշ (լրագրող)

«Երկու տարի առաջ, երբ Հրանտ Դինքի հիմնադրամը թուրք լրագրողների համար Հայաստան այցելություն էր կազմակերպել, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ասել է 10 թուրք լրագրողների հետ զրույցում.

«Սա այն թանգարանն է, որտեղ Հայաստանի և Թուրքիայի պատմությունն է: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք համագործակցել ապագայում: Թանգարանը միակ վայրն է դրա համար: Ես հույս ունեմ, որ մի օր Անկարայում էլ թանգարան կարող է լինել և պատմությունը այդ ժամանակ տեսանելի կլինի»:

Անկարայում կամ որևէ այլ վայրում: Ցեղասպանության թանգարան Թուրքիայում` նշանակում է ընդունել այն, ինչ կատարվել է 1915 թվականին, գիտակցել, որ հայերին հետապնդել են, թույլ չտալ, որպեսզի հայերին անիծեն, նսեմացնեն, ընկալեն որպես թշնամիներ: Եթե մենք սա արած լինեինք, եթե մենք կարողանայինք ներողություն խնդրել, արդյո՞ք Հրանտ Դինքը թիրախ կդառնար: Արդյո՞ք նրան կսպանեին»:

Շեյմուս Դիկեն (գրող, գիտնական, Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակից)

Կարող ենք մոռացության մատնել մտավորականներին, այս հողում ապրած նախնիներին, բայց հնարավոր չէ մոռանալ այս հողում մնացած տրտմությունը և քանդել այդ հողը, որը մնացել է առանց իր տիրոջ: Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ հայկական տուն կամ քանդված հայկական եկեղեցի, նման զգացողություն եմ ապրում: Քանի դեռ չի անցել մեկ դար, մենք պետք է առերեսենք մեր արյունոտ դեմքի հետ:

Մեհմեթ Գյոքչելի, «Դեմոկրատ» թերթի խմբագիր

1915 թվականի ապրիլի 24-ն այն օրերից է, որին Թուրքիան պետք է առերեսի, հնարավոր է ամենակարևոր նման օրերից է: Այս իրավիճակում Թուրքիայի համար լավագույնը քայլը կլինի սկսել հարցնել՝ «Ի՞նչ է տեղի ունեցել ապրիլի 24-ին», իսկ հետո պարզել ինչո՞ւ է դա տեղի ունեցել:

Հիշել, գրել, խոսել, գիտաժողովներ կազմակերպել… Որովհետև Թուրքիան դեռևս չի եկել «գիտակցել» բառին, ինչպես Հրանտ Դինքն էր ասում: Ապրիլի 24-ին առերեսելու համար մենք պետք է գիտակցենք, իսկ գիտակցելու համար մենք պետք է իմանանք: Անգամ բազմաթիվ մտավորկաններ Թուրքիայում չգիտեն՝ ինչ է եղել ապրիլի 24-ին: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք բացահայտել փաստերը, խոսել իրականության մասին, հետազոտություններ անցկացնել և բացել փականը, որը կախված է այդ իրադարձությունների վրա: Մենք պետք է հիշենք, թե ինչպես առաջին անգամ վարագույրը բացեց Հրանտ Դինքը:

Լուսանկարը՝ genocide-museum.am, Լեսլի Դևիսի հավաքածու

Tekali Taxi