«Քրիստոսի Հարությամբ խորտակվել են մահվան շղթաները, երկրի վրա սփռվել երկնային օրհնություններն ու հավիտենական պարգևները, մարդկանց հոգիներում հաստատվել ոգեշնչումը, քաջալերությունն ու վստահությունը, որ Հարուցյալ Քրիստոս մարդկանց հետ է Իր անսահման սիրով, խնամքով ու ողորմությամբ, չարից, փորձություններից ու նեղություններից ազատելու զորությամբ», -Այս մասին ասված է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ Գարեգին Բ կաթողիկոսի խոսքում:
«Արդարև, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ պարտվում է մահը, և հորդում է կյանքը, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ հաղթանակն է կյանքի և խնդությունն ու երանությունը հավիտենության:
Հավատքը, որ հարուցյալ է Քրիստոս և Նրա հետ հարուցյալ են մարդն ու տիեզերքը, լուսավորել է ազգերի ու պետությունների ուղին, վերափոխել պատմության ընթացքները` համաձայն Աստծո փրկագործող կամքի եւ մշտնջենավոր խոսքի.
Ով հաvատում է Ինձ, թէպէտ և մեռնի, կապրի (Յովհ. ԺԱ 25): Մեր ժողովրդի պատմությունը նույնպես վկայում է անխորտակ զորությունը Քրիստոսի հաղթական Հարության: Այդ զորությամբ է մեր ժողովուրդը հառնել գողգոթայից Ցեղասպանության, որն իրագործվեց Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին: Մեկ ու կես միլիոն հայորդի եղեռնահար չարչարվեց, Տիրոջ պես խաչվեց, բայց չուրացավ Քրիստոսին: Հարուցյալ է Քրիստոս, հարուցյալ է ազգս հայոց, հարուցյալ է հայրենի իր պետականությամբ և աշխարհի բոլոր կողմերում վերազարթոնք ապրող հոգևոր ու ազգային իր կյանքով. հարուցյալ է հավատով հանդեպ խաղաղ ու արդար, մարդասեր աշխարհը, որի հույսը պարգևում է մեզ Փրկիչ մեր Տերը` ուսուցանելով. ամէն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է (Մարկ. Թ 22), քանզի ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է (Ղուկ. ԺԸ 27)», մասնավորապես ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Իր խոսքում Գարեգին Բ-ն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին.
«Արդարության տկարացումը խարխլում է հիմքերը աստվածաստեղծ աշխարհի, խաթարում է կյանքի բնականոն, խաղաղ ընթացքը: Հոգեմտավոր զարգացման մեծ ճանապարհ անցած մարդկության ձեռքբերումների, սխրանքների ու նվաճումների կողքին տակավին տեսնում ենք նաև անտեսված իրավունք, կարիք, թշնամանք, տնտեսական ճգնաժամ ու պատերազմներ£ Միջազգային ասպարեզում դեռևս վիճարկվում է ժողովուրդների ազատ ապրելու աստվածապարգև իրավունքը: Այս իրողությանն ականատես ենք ի դեմս տարբեր երկրներում ընթացող հակամարտությունների և ազգային մեր անդաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ձգձգվող գործընթացի: Ազգերի ազատ ապրելու իրավունքը ոչ միայն արժանապատվություն է մարդկային հասարակության համար, այլև` երաշխիք խաղաղ աշխարհի: Մենք հավատում ենք, որ նոր սկսված դարում պիտի հաղթանակի մերժողականությունը բռնության, իրավունքի ոտնահարման հանդեպ, և դրանց հակառակ` պիտի արգասավորվի մարդասիրական արժեքների հաստատումը` հնարավոր դարձնելով ամենուր արդարության և խաղաղության իրագործումը», – ասել է Վեհափառը:
Իր խոսքի վերջում Գարեգին Բ-ն, մասնավորապես, ասել է.
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, զատկական այս նվիրական օրը, երբ ոգեկոչում ենք հիշատակը բյուրավոր մեր նահատակների, աղոթենք նաև բոլոր ցեղասպանությունների զոհերի հոգիների համար: Աղոթենք Ճապոնիայում երկրաշարժից զոհվածների համար, հազարավոր մարդկանց համար, ովքեր աշխարհի տարբեր կողմերում կրում են ծանր հետևանքները բնական աղետների եւ պատերազմական ավերների: Հայցենք միասնաբար, որ Հարուցյալ Տերը անխռով պահպանի աշխարհը Իր անբավ ողորմության մեջ և պարգևի մարդկանց կամքն ու իմաստությունը` հաղթահարելու փորձություններն ու դժվարությունները կյանքի, գտնելու հիմնախնդիրների կարգավորման ուղիները: Աղոթենք և հայցենք նաև, որ երկնավոր մեր Տերը Իր օրհնության, սիրո ու շնորհների մեջ պահի մեր Հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին` այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն»: