Home / Հայաստան / Թուրքիայի ԱԳ նախարարը Օբամայի հայտարարությունը «անազնիվ» է համարել

Թուրքիայի ԱԳ նախարարը Օբամայի հայտարարությունը «անազնիվ» է համարել

2011 թվականի ապրիլի 23-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` թուրք և հայ ժողովուրդների ընդհանուր պատմության ցավալի էջի վերաբերյալ արված հայտարարությունը միակողմանի մոտեցում է խնդրի նկատմամբ: Այս մասին ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

«Հայտարարությունը խեղաթյուրում է փաստերը: Այդ իսկ պատճառով, մենք այն չափազանց խնդրահարույց ենք համարում և ափսոսում ենք դրա համար», – ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Պաշտոնական Անկարան նշում է, որ նման հայտարարությունները ոչ մի նպատակ չեն հետապնդում և միմիայն բարդացնում են հայերի և թուրքերի` արդար հիշողության հասնելու հնարավորությունը.

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը ոչ թե կբարդացնի, այլ կօգնի արագացնել հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը և աջակցել պատմական հետազոտություններին: Պատմական ցավերի նկատմամբ կանխակալ վերաբերմունք դրսևորելով` նման հայտարարությունները չեն կարող աջակցել խաղաղության հաստատամանը և ժողովուրդների ընդհանուր ապագայի կերտմանը»:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը նաև ավելացնում է, որ «չնայած փորձեր են արվում պատմությունը մեկնաբանելու` հաշվի առնելով այսօրվա քաղաքական հետաքրքրությունները, մենք հավատարիմ կմնանք մեր մոտեցմանը` հասնել արդար հիշողության և այդ հիմքի վրա կառուցել մեր ընդհանուր ապագան հայերի հետ»:

Նշենք, որ Օբամայի հայտարարությունը անձամբ մեկնաբանել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն, ով նշել է, ոչ «նման անազնիվ հայտարարություններն ավելի կբարդացնեն հայերի և թուրքերի ընդհանուր պատմության մասին արդար հիշողությունների վերականգնմանն ուղղված ջանքերը»:

Դավութօղլուն նաև ավելացրել է, որ Միացյալ Նահանգները չպետք է խանգարեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը «միակողմանի և քաղաքականապես պատճառաբանված հայտարարություններով»:

Հիշեցնենք, որ իր հայտարարության ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեք անգամ օգտագործել էր «Մեծ Եղեռն» արտահայտությունը:

Tekali Taxi