Home / Հայաստան / «Ներողություն եմ խնդրում Սասունից, Նիկոլից». Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է սպասել ևս 1 ամիս

«Ներողություն եմ խնդրում Սասունից, Նիկոլից». Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է սպասել ևս 1 ամիս

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում հնչեցրած իր ելույթում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում հնչեցրած 15 պահանջներին, որոնցից առանձնացված 3 պահանջները, Տեր-Պետրոսյանի խոսքով, վերաբերում են ՀԱԿ-ի ընդարձակ ծրագրի իրականացման առաջին փուլին:

«Սյդ առանձնացումն ամենևին չի նշանակում, որ Հայ Ազգային Կոնգրեսը հրաժարվել է մնացյալ տասներկու պահանջներից, ինչպիսի կասկած փորձում են սերմանել ոմանք։ Այդպիսի միտք կարող էր ծնվել միայն իրողություններն ու փաստերն աղավաղելու սովոր մարդկանց ուղեղներում, որոնք, դժբախտաբար, քիչ չեն մեր երկրի քաղաքական շրջանակներում։ Բայց իրողությունների ու փաստերի անպարկեշտ խեղաթյուրումը չի սահմանափակվում միայն այսքանով։ Ոմանք նաև ջանք չեն խնայում նսեմացնելու ներկա փուլի համար առաջնահերթ դիտված երեք պահանջների արժեքը, պնդելով, որ առանց դրանց էլ, միեւնույն է, Ազատության հրապարակի հարցը լուծված կարելի էր համարել, քաղբանտարկյալներն այս կամ այն կերպ ազատ պետք է արձակվեին, իսկ մարտի 1-ի սպանությունների բացահայտման վերաբերյալ պաշտոնական հավաստիացումն էլ ոչինչ չի նշանակում, որովհետեւ իշխանությունը սահմանափակվելու է մեկ-երկու երկրորդական անձանց պատժելով և այլն։ Փակագծում տեղեկացնեմ, որ այս ամենի մասին ամենահստակն արտահայտվել է Հայաստանի, բառիս բուն իմաստով, «ական-ավոր» քաղաքական գործիչներից մեկը, մասնավորապես, նշելով. «ՀԱԿ-ը միտումնավոր խելացի հաշվարկի արդյունքում իր բազմաթիվ պահանջների շեմն իջեցրեց մինչեւ երեք ամենահեշտ իրականացվող խնդիրներ՝ առավելագույնս թեթեւացնելով իշխանության խնդիրը։ Բայց, իհարկե, նա դա չէր անի, եթե չտեսներ, որ իշխանությունից արդեն դրանք իրականացնելու խթան, համաձայնություն կա» («Ժամանակ» օրաթերթի երեկվա համարում տպագրված հարցազրույցում այս մասին ասել է ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը – Epress.am)։

Թվում է, թե գործ ունենք երկաթյա տրամաբանության հետ։ Բայց իրականում այդ տրամաբանությունը կաղում է, այն էլ՝ երկու ոտքից։ Նախ՝ միտումնավոր կարող են կոչվել միայն սխալ հաշվարկները, քանի որ խելացի հաշվարկներն ի բնե միտումնավոր՝ այսինքն մտածված, նպատակամետ պետք է լինեն։ Եւ երկրորդ՝ օգտվելով մոդայիկ շախմատային եզրաբանությունից, եթե երեք պահանջ ներկայացնելով, մենք իշխանությանը շախ էինք հայտարարել, ապա վերջինիս համար ի՞նչ դժվար էր շախից դուրս գալ եւ, կատարելով մեր մտքով չանցնող մի չորրորդ պահանջ, մեզ մատ աներ. ասենք, ձերբակալեր ու Հաագայի դատարան հանձներ Քոչարյանին։ Վստահ եմ, ինձ ճիշտ հասկացաք. ես նկատի ունեմ Անդրանիկ Քոչարյանին (Անդրանիկ Քոչարյանն ընդդիմության ներկայացուցիչն էր մարտի 1-ի իրադարձությունները քննող Փաստահավաք խմբում – Epress.am)», – ասել է Տեր-Պետրոսյանը։

Նա նշել է, որ ներկայումս առաջադրված երեք պահանջներն արտաքուստ անմիջականորեն չեն առնչվում ժողովրդի մեծամասնության կենսական ակնկալիքներին, որոնք շատ ավելի ընդգրկուն ու օրախնդիր են։

«Բայց դա միայն արտաքուստ, որովհետև անհնար է ժխտել այն իրողությունը, որ առանց նշված պահանջների կատարման, այդ ակնկալիքներն ընդհանրապես արդարանալու հեռանկար չունեն։ Քանի դեռ Հայաստանի քաղաքական մթնոլորտը չի առողջացել, քանի դեռ իրական երկխոսություն չի սկսվել իշխանության և հասարակության միջև, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ձեռնարկման կամ ժողովրդի անհուսալի վիճակի բարելավման մասին խոսակցությունները լուրջ չի կարելի համարել։ Իսկ քաղաքական մթնոլորտի առողջացման և երկխոսության ծավալման միակ միջոցը այդ երեք պահանջների շուտափույթ կատարումն է։ Չհասկանալ այս ճշմարտությունը, նշանակում է՝ ընդհանրապես ոչինչ չհասկանալ քաղաքականությունից։ Իսկ նսեմացնել այդ պահանջների արժեքը, նշանակում է՝ խափանել կամ առնվազն դժվարացնել քաղաքական մթնոլորտի առողջացման, հետևաբար նաև՝ բարեփոխումների իրականացման ու ժողովրդի վիճակի թեթևացման գործը։ Միջազգային հանրությունը չէ, որ լուծելու է մեր խնդիրները։ Այդ խնդիրները մենք ենք լուծելու դրության թելադրած երկու ճանապարհներից մեկով՝ կա՛մ երկխոսությամբ ու ազգային համերաշխության կայացմամբ, կա՛մ էլ՝ ֆիզիկական առճակատմամբ, որի անկանխատեսելի հետեւանքները աղետաբեր կարող են լինել ժողովրդի ու երկրի համար։ Մենք նախընտրում ենք առաջին ճանապարհը և վստահ ենք, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը նույնպես միանշանակորեն կողմնակից է այդ ճանապարհի։ Քաղաքական մարգինալների և արկածախնդիրների ծայրահեղ տրամադրություններին ավելորդ եմ համարում անդրադառնալ, որովհետև նախ՝ դրանք ամենեւին տիրապետող չեն, և երկրորդ՝ այդպիսի տրամադրությունները մեծ մասամբ խաբուսիկ են, քանի որ դրանց կրողները երբեք խոսքից գործի անցնելու ունակ չեն եւ, որպես կանոն, հակված են իրենց ցանկություններն իրականացած տեսնել ուրիշի ձեռքով։ Ես սրանցից որոշակիապես առանձնացնում եմ բազմաթիվ ազնիվ երիտասարդների, որոնց հեղափոխական տրամադրությունները պայմանավորված են բացառապես քաղաքական ռոմանտիզմով։ Մենք բոլորս էլ այդ տարիքում հիացած էինք Ֆիդել Կաստրոյով ու Չեգեվարայով», – նշել է Տեր-Պետրոսյանը։

Տեր-Պետրոսյանը հիշեցրել է նախորդ հանրահավաքում իր հայտարարությունը.

«Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որը կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության կայացման մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները… կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ …Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»։

«Տեսնենք, ուրեմն, թե կատարվե՞լ են, արդյոք, այդ պահանջները, ու դրան համապատասխան, ձեզ հետ միասին որոշենք մեր հետագա անելիքները։

ա. Կարծում եմ, հասկանալի է, որ սույն հանրահավաքի արտոնված լինելու հանգամանքը միանշանակորեն ցույց է տալիս, որ այլեւս վերականգնված է Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու՝ քաղաքացիների երեք տարուց ի վեր ոտնահարված իրավունքը, եւ իշխանությունը վերջնականապես հրաժարվել է այս հրապարակը քաղաքական միջոցառումների համար արգելված տարածքների շարքը դասելու մտադրությունից, ինչն, ի դեպ, հաստատվում է նաեւ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցով։

բ. Մարտի 1-ի իրադարձությունների լիակատար բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, դատաիրավական բարեփոխումների հարցերի առթիվ ս.թ. ապրիլի 20-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ, նույնիսկ ավելին է, քան սոսկ պաշտոնական հավաստիացումը, եւ ավելի շուտ իրավապահ մարմիններին իջեցված ուղղակի ցուցում-հանձնարարական է նշանակում։

գ. Ինչ վերաբերում է երրորդ՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջին, ապա ժամկետային կամ ֆորմալ առումով այն կատարված չէ։ Թե ինչո՞ւ ժամկետային եւ ինչո՞ւ ֆորմալ՝ դրա բացատրությունը թաքնված է Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի հետեւյալ տողերում. «Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ այս տարի լրանում է մեր հանրապետության 20-ամյակը։ Եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք նաեւ այս օրերին ենք միջոցառումներ անցկացնում, եւ այդ միջոցառումները տեւելու են ոչ թե մինչեւ սեպտեմբերի 21-ը, այլ նաեւ մինչեւ տարվա վերջ։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ մենք բոլորս մտնում ենք մայիս ամիս, մեր ժողովրդի համար հաջողությունների ամիս, հաղթանակների ամիս։ Մենք մայիսին տոնելու ենք նաեւ Հանրապետության օրը՝ տոն, որ շատ լուրջ դասերով է լի, եւ այդ դասերն այսօր էլ են արդիական։ …Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ։ Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն իսկ հանձնարարել եմ Արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»։ Հանրապետության օրվա հիշատակումը, լիցքաթափման քայլերի մասին ասված խոսքերը եւ Արդարադատության նախարարին տրված հանձնարարականի վերաբերյալ տեղեկությունը կասկածի տեղ չեն թողնում, որ իշխանությունը, միանգամայն անթաքույց նկատառումներով, որոշել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ։

Հետեւաբար, ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են լիովին, իսկ մեկը՝ կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով։ Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիեւ առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։ Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք։ Հայ Ազգային Կոնգրեսի անունից ես ներողություն եմ խնդրում Սասունից, Նիկոլից ու մնացյալ քաղբանտարկյալներից, որ նրանց ազատության խնդիրը չհաջողվեց լուծել մեր նախանշած ժամկետում։ Սակայն, վստահ եմ, նրանք կհասկանան, որ մեկամսյա ուշացումն այն սկզբունքային հարցը չէ, որի համար արժե փչացնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացմանն ուղղված եւ արդեն իսկ հաջողություններ արձանագրած լրջագույն գործը», – նշել է ՀԱԿ առաջնորդը։

Tekali Taxi