Home / Հայաստան / Սփյուռքահայերը թյուր կարծիք ունեն, որ Հայաստանում չի կարելի բիզնես ունենալ. Սերժ Սարգսյան

Սփյուռքահայերը թյուր կարծիք ունեն, որ Հայաստանում չի կարելի բիզնես ունենալ. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում ապրիլի 29-30-ը անցկացվող Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի մասնակիցներին:

Նախագահը նշել է, որ բացի ճանաչողական այցերից, յուրաքանչյուր հայից ակնկալվում է նաև գործնական մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման ընթացքին:

«Ցավոք, մեր սփյուռքահայ քույրերի և եղբայրների մեծ մասի մոտ թյուր կարծիք կա, որ չի կարելի Հայրենիքում բիզնես ունենալ, դրամ վաստակել: Սա շատ սխալ մոտեցում է, որովհետև Հայրենիքում գործարարությամբ զբաղվելը, դրամ վաստակելը ամենագործուն մասնակցությունն է Հայաստանի զարգացմանը, որովհետև Հայրենիքում վաստակած յուրաքանչյուր դրամից որոշակի հարկեր եք վճարում, աշխատատեղ, համախառն ներքին արդյունք եք ապահովում և այլն: Բացի այդ, եղած արտադրության կողքին այսպես, թե այնպես, նաև այլ փոքր ու միջին բիզնեսներ են զարգանում»,- ասել է Սերժ Սարգսյանը` կոչ անելով հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց սփյուռքահայ բոլոր գործարարներին` մասնակցել Հայաստանի տնտեսական հզորացմանը:

Հանդիպման մասնակիցները ևս կարևորել են «Հայկական առևտրական ցանց»-ի ստեղծման նախաձեռնությունը, նշելով, որ այն կարող է ոչ միայն Հայրենիքի, այլ նաև Սփյուռքի գործարար միավորումների միջև ապահովել արդյունավետ կապ և համագործակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Tekali Taxi