Home / Հայաստան / Վաղը ևս մեկ քաղբանտարկյալի ազատ կարձակեն

Վաղը ևս մեկ քաղբանտարկյալի ազատ կարձակեն

Վաղը` մայիսի 2-ին, ազատ կարձակվի քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը:

Դեռևս ապրիլի սկզբին «Սևան» քրեակատարողական հիմնարկի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով վարչական հանձնաժողովը Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն ուղարկել էր միջգերատեսչական անկախ հանձնաժողով: Հանձնաժողովև բավարարել է միջնորդությունը: Քաղբանտարկյալին ազատ արձակելու մասին որոշումը պետք է հրապարակվի վաղը դատական նիստի ընթացքում:

«Վաղը ժամը 14:00-ին տեղի է ունենալու դատական նիստ, որից հետո Արամին տուն կբերենք»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամ Բարեղամյանի եղբայրը` Հուսիկ Բարեղամյանը:

Բարեղամյանը 2008 թվականի նախագահական ընտրություններին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդան քաղաքի նախընտրական շտաբի պետ: 2008 թվականի հուլիսի 14-ին Երևանի քրեական դատարանի կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը): Համաներումը նրա վրա չի կիրառվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ավելի վաղ իրենց կողմից ներկայացված երեք պահանջներից երկուսը՝ մարտի 1-ի դեպքերը հետաքննելու պատրաստակամություն և Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն, արդեն կատարվել են: Երրորդ պահանջը՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելը, համաձայն ընդդիմության պետք է կատարվի մինչև մայիսի վերջ:  Արամ Բարեղամյանին ազատելուց արձակելուց հետո անազատության մեջ կմնա 6 քաղբանտարկյալ: Նշենք նաև, որ ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով քննարկել քաղբանտարկյալ Սասուն Միքաելյանին ներում շնորհելու հնարավորությունը:

Tekali Taxi