Home / Հայաստան / Լիբիայում սպանվել են Քադաֆիի որդին և թոռները. ապստամբները տոնում են

Լիբիայում սպանվել են Քադաֆիի որդին և թոռները. ապստամբները տոնում են

Լիբիայի առաջնորդ Մուամար  Քադաֆիի կրտսեր որդին և երեք թոռները  սպանվել են ՆԱՏՕ-ի օդային ռմբակոծման հետևանքով: Այս մասին հայտնել է Լիբիայի կառավարության խոսնակը` Մուսա Իբրահիմը:

Վերջինիս խոսքով` Քադաֆին և իր կինը Տրիպոլիում գտնվող իրենց 29-ամյա որդու` Սաիֆ-ալ Արաբ Քադաֆիի տանն էին գտնվում, երբ շաբաթ գիշերը այն ռմբակոծվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Սաիֆ-ալ-Արաբից բացի, սպանվել են նրա զարմիկներից և զարմուհիներից երեքը, որոնց անունները խոսնակը չի նշել:

Իբրահիմը նշել է, որ Քադաֆիին և իր կնոջը ոչինչ չի պատահել, սակայն ընտանիքի մյուս անդամները, ովքեր ադ պահին տանն են եղել, նույնպես տուժել են:

«Սա այս երկրի ղեկավարին սպանելուն ուղղված ուղիղ գործողություն էր: Դա չի թույլատրվում միջազգային օրենքներով: Այս ամենն անթույլատրելի է ցանկացած բարոյական նորմով կամ սկզբունքով: Այն, ինչ մենք հիմա ունենք, ջունգլիների օրենքն է», – հայտարարել է Իբրահիմը` հավելելով, որ Քադաֆիի գտնվելու վայրը ՆԱՏՕ-ի ուժերը պարզել են իրենց ճամբարից եղած արտահոսքի շնորհիվ:

Նշենք, որ Սաիֆ-ալ-Արաբ Քադաֆին ամենաանհայտն էր Մուամար Քադաֆիի որդիներից, և քաղաքացիական պատերազմի ընթացքում երբեք չէր հայտվել մամուլի ուշադրության կենտրոնում:

Լսելով Քադաֆիի որդու և թոռների մահվան լուրը` ընդդիմության մայրաքաղաք Բենղազիում Լիբիայի առաջնորդի ռեժիմի դեմ պայքարող մարդիկ փողոց են դուրս եկել և սկսել են տոնել այդ իրադարձությունը, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը: