Home / Հայաստան / Հայաստանում լրագրողները կատարողներ են. խնդիրների մասին տոնի ժամանակ

Հայաստանում լրագրողները կատարողներ են. խնդիրների մասին տոնի ժամանակ

Մայիսի 3-ին նշվող մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ այսօր Երևանում կայացավ «Մամուլի ազատության ժամանակ 2011» մրցանակաբաշխությունը, որի դափնեկիր դարձավ «Հետք» էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Մրցանակը շնորհվեց «անկախ դիրքորոշման, հետաքննական լրագրության մեջ ունեցած ավանդի և մասնագիտական խիզախության» համար:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը խոսքը գործընկերներին փոխանցելուց առաջ նշել է, որ այսօր Հայաստանում ԶԼՄ-ները ծանր ժամանակներ են ապրում և առաջարկեց այս տոնական օրը չխոսել խնդիրների մասին: Նշենք, որ Գևորգյանը Երևանի ավագանու անդամ է, ներկայացնում է իշխող ՀՀԿ կուսակցության խմբակցությունը:
Չնայած Գևորգյանի ցանկությանը, Բաղդասարյանը իր կարճ ելույթը նվիրեց ոլորտի խնդիրներին: Նա պատմել է, որ իրեն օրերս դիմել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողը, ով բողոքում էր, որ իր նյութերը եթեր չեն թողնում կամ խիստ գրաքննության էին ենթարկում:

«Մենք լավ երիտասարդ լրագրողներ ունենք, և իմ ուսանողների մեջ էլ դրանք շատ են, ովքեր, ընկնելով հեռուստատեսություն, դառնում են զուտ կատարողներ: Նրանք չեն էլ փորձում պայքարել խմբագիրների և ԶԼՄ-ի ղեկավարների հետ: Նրանք էգոիստ են, ամեն ինչ թողնում են ինտերնետի վրա», – ասել է Բաղդասարյանը:

Վերջինիս միտքը շարունակել է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը. «Հայաստանում լրագրողները հաճախ սպասում են, որ խոսքի ազատությունն իրենց վրա վերևից իջնի, մինչդեռ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դրան հասնում են պայքարի միջոցով»:

Նշենք, որ մրցանակը հանձնվում է 2006 թվականից Երևանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության, Խոսքի պաշտպանության կոմիտեի, «Ինտերնյուզ» լրատվամիջոցների աջակցության կազմակերպության կողմից:

Նախորդ տարիների մրցանակը ստացել են «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, լրագրող, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: 2009-2010թթ. մրցանակը ոչ մեկին չի շնորհվել, քանի որ, «Ինտերնյուզի» տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով, կազմակերպիչները ցանկացել են «նշաձողը պահել»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի նոյեմբերին Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակում էր իրականացվել: Տուն վերադառնալիս լրագրողի վրա հարձակվել էր երեք մարդ, որի հետևանքով Բաղդասարյանը գլխի վնասվածք էր ստացել: Հանցագործները լրագրողից լուսանկարչական սարքն էին գողացել: Ավելի ուշ Բաղդասարյանը նշել էր, որ հարձակումը կարող է կապված լինել իր լրագրողական գործունեության հետ, քանի որ իր կայքը քաղաքական գործիչների և օլիգարխների մասին հոդվածներ է տպագրում:


Լուսանկարը` hetq.am-ի

Tekali Taxi