Home / Հայաստան / Առևտրականները նախագահականի մոտ հանդիպում են պահանջում Սերժ Սարգսյանի հետ

Առևտրականները նախագահականի մոտ հանդիպում են պահանջում Սերժ Սարգսյանի հետ

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի մոտ են հավաքվել բացօթյա առևտուր իրականացնողները. նրանք պահանջում են հանդիպում անձամբ Սերժ Սարգսյանի հետ:

Մինչ առևտրականները փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունում է Լիտվայի նախագահին, որի պատճառով էլ մի քանի րոպեով փակվեց Բաղրամյան պողոտան, իսկ ցուցարաներին արգելում են մոտենալ նույնիսկ նախագահական նստավայրի դիմացի մայթին:

Հավաքվածներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է «Աշխատանքից զրկելը պետական հանցագործություն է», «Սերժ Սարգսյան, կասեցրեք արտագաղթը», «ՍՕՍ», «Հայաստանը հայաթափվում է», «Մեր հայրենիքում պետությունը մեզ զրկում է նույնիսկ գոյատևելուց», «Քաղաքապետը մեզ զրկեց հացից», «Սերժ Սարգսյան, պաշտպանեք մեր աշխատելու իրավունքը», «Մի հարստացրեք սուպերմարկետները բացօթյա առևտրի հաշվին»:

Նշենք, որ ակցիայի ընթացքում կտրուկ ավելացավ ոստիկանների թիվը, տարածք ժամանեցին նաև կարմիր բերետավորներ:

Ցուցարարներին է միացել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով խոսել է Արաբկիրի ոստիկանության բաժնի փոխգնդապետ Ավագիմյանի հետ: Վերջինս բացատրել է, որ մարդկանց նախագահական չեն թողնում` «երկրի անվտանգությունից ելնելով»:

Բողոքողները փորձել են օգտագործել «Ժառանգությանը» պատկանող բարձրախոսը, սակայն ոստիկանները արգելել են աղմուկ բարձրացնել` նշելով, որ այդ վայրում հանրահավաք կամ ցույց անցկացնելն արգելված է:

Tekali Taxi