Ապրիլի 24-ին թուրքական զորամասերից մեկում զոհված հայազգի զինծառայող Սևակ Բալիկչիի (լուսանկարում` աջից) մահվան մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ Թուրքիայի զինվորական ղեկավարությունը ներկայացնում է տեղի ունեցածը որպես դժբախտ պատահար: Համաձայն պաշտոնական աղբյուրների, Բալիկչին մահացել էր ընկերների հետ «կատակելու» ընթացքում զենքի անզգույշ օգտագործման հետևանքով, մինչդեռ Սևակի նշանածը` Մելանի Քումրույանը համոզմունք է հայտնել, որ զինծառայողի մահը չէր կարող պատահականության հետևանք լինել:
«Ակօս» օրաթերթի փոխանցմամբ, հայտնի է դարձել Սևակի վրա կրակած զինվորի անունը, դա Քիվանչ Աղաօղլուն է: Զրուցելով քննիչների հետ` նա հետևյալ պատմությունն է ներկայացրել. «Այդ օրը, ժամը 10:30-ի սահմաններում 8 ընկերներով ցանկապատի փշալարերն էինք ամրացնում: Թե իմ, թե ընկերներիս անվտանգությունն ապահովելու համար փամփուշտ էի տեղադրել զենքիս մեջ: Հրացանի փողը վերև էր նայում: Զենքը վայր դնելու պահին հանկարծ կրակեց: Ես փշալարերի մի կողմում էի, իսկ Սևակը` մյուս: Մեր միջև հազիվ մեկ-երկու մետր հեռավորություն կար: Նախ, կարծեցի` կատակում է: Հետո հասկացա, որ իրեն է դիպել»:
Սակայն հարցաքննության ժամանակ դեպքի ականատես, զինծառայող Հալիլ Էքշին հերքել է Աղաօղլուի խոսքերը. «Մեր աշխատելու պահին Քիվանչը փամփուշտ դրեց զենքի մեջ և ուղղեց Սևակի վրա: Բոլորս ծիծաղեցինք: Զենքը հանկարծ կրակեց: Տեսանք, թե փամփուշտը Սևակի աջ կողմից մտավ ու ձախից դուրս եկավ»:
Սևակ Բալիկչիի փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, որ աշխատանքների պահին ներկա են եղել միայն զինծառայողները,իսկ սպայի բացակայությունը կարելի է թերացում համարել: Զինվորական կանոնակարգի խախտում է համարվում նաև այն, որ սպայի բացակայության պայմաններում զինվորը զենքը լիցքավորել էր մարտական փամփուշտով:
Փաստաբանի խոսքով` ականատեսների վկայությունները մակերեսային են և հակասական:
«Տպավորություն կար, որ ականատեսները պատվիրված էին: Բոլոր զինվորները հայտնեցին, թե դեպքն արկած է: Բայց դեպքի պատահելու ձևը մեզ համոզիչ չի թվում», – նշել է Հալավուրթը:
Նրա խոսքով` կասկածի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ դեպքը տեղի է ունեցել 11:00-ի սահմաններում, սակայն փաստաթղթերը սկսել են կազմել 17:00-ին:
«Հնարավոր է, որ հենց այդ ընթացքում էլ զինվորները պատվիրված լինեն», – ասել է փաստաբանը: