Home / Հայաստան / «Լևոն Զուրաբյանի նստացույցին» պատրաստ է միանալ 1000-ից ավել մարդ

«Լևոն Զուրաբյանի նստացույցին» պատրաստ է միանալ 1000-ից ավել մարդ

Մինչև մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալներին ազատ չարձակելու դեպքում Ազատության հրապարակում պատրաստ են նստացույց անել 1000-ից ավելի մարդ:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը: Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում էջ է ստեղծված` «Ես միանում եմ Լևոն Զուրաբյանի նստացույցին»: Ֆեյսբուքյան էջը ստեղծել են Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները, և հաղորդագրություն տարածել, ըստ որի, «եթե մինչև մայիսի 31-ը, ժամը 18:00-ն Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալները ազատ չարձակվեն և Ազատության հրապարակի հարթակից չողջունեն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներին, այդ պահից սկսած՝ նույն Ազատության հրապարակում հայտարարելու ենք անժամկետ նստացույց»:

Էջի ստեղծումից մի քանի օր հետո ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին և կոչ արել մարդկանց զանգահարել իր հեռախոսահամարին, եթե ցանկանում են միանալ մայիսի 31-ի նստացույցին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքից և երթից հետո, երբ մի քանի տասնյակ մարդիկ չէին ցանկանում հեռանալ Ազատության հրապարակից, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ եթե բոլոր քաղբանտարկյալները մինչ մայիսի 31-ը ազատ չարձակվեն, ինքն էլ է միանալու ժողովրդի պահանջած նստացուցին:

Tekali Taxi