Home / Հայաստան / Հայաստանցիների հետաքրքրությունը «Եվրատեսիլի» եզրափակիչի նկատմամբ շատ չի նվազի

Հայաստանցիների հետաքրքրությունը «Եվրատեսիլի» եզրափակիչի նկատմամբ շատ չի նվազի

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը կոչ է արել կանգնել այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի կողքին: Հիշեցնենք, որ Էմմին երեկ չկարողացավ հաղթահարել մրցույթի կիսաեզրափակիչ փուլը:

Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Հարությանյանը նշել է, որ պետք է աջակցել Էմմիին, որպեսզի վերջինս շարունակի հանդես գալ համերգներով և մասնակցել մրցույթներին: Հարությունյանի խոսքով` այս տարի էլ Հանրային հեռուստառադիոընկերությունն ամեն ինչ արել էր` երգի հաջողությունը ապահովելու համար, և ինչպես նախորդ տարիների մասնակիցների դեպքում, պրոմո-տուրերի պակաս չէր զգացվել, և անգամ երգի տեսաերիզի նկարահանումներին հրավիրվել էր հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով մեծ համարում ունի Գերմանիայում, որտեղ անցկացվում էր այս տարվա մրցույթը:

Ալեքսան Հարությունյանն ասել է, որ տեղի ունեցածը ողբերգություն չէ, մասնավորապես, Թուրքիան, որ միշտ մասնակցում է եզրափակիչ փուլերին, այս տարի նույնպես չի կարողացել հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը:

Պատասխանելով Epress.am-ի հարցին` արդյոք մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ փուլի նկատմամբ հայաստանցիների հետաքրքրությունը կնվազի, Հարությունյանը նշել է, որ, անշուշտ, հետաքրքրությունն ավելի քիչ կլինի, քան այն դեպքում, եթե Էմմին եզրափակիչում լիներ, սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանում «Եվրատեսիլ» երգի մրցույթը մեծ տարածում ունի, այն միևնույնն է արժանանալու է հեռուստադիտողի մեծ ուշադրությանը:

Tekali Taxi