Home / Հայաստան / Եվրախորհրդարանը կոշտ բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ. հիշել են նաև Հաայստանը

Եվրախորհրդարանը կոշտ բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ. հիշել են նաև Հաայստանը

Մոտ մեկ ժամ շարունակված քննարկումներից հետո Եվրախորհրդարանը հինգշաբթի երեկոյան բավական կոշտ բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ` կոչ անելով իշխանություններին ազատ արձակել վերջին հանրահավաքներից հետո ձերբակալված ընդդիմադիրներին, երիտասարդ ակտիվիստներին ու բլոգերներին, ինչպես նաև հարգել իր իսկ կողմից վավերացված կոնվենցիաները՝ խոսքի ու հավաքների ազատության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մանրամասն հիշատակելով ընդդիմության և անկախ լրագրողների նկատմամբ վերջին շրջանում արձանագրված բազմաթիվ բռնությունները, հանրահավաքներից հետո հարյուրավոր մարդկանց ձերբակալություններն ու սպառնալիքները՝ Եվրախորհրդարանը կոչ է անում պաշտոնական Բաքվին երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և թույլ տալ քաղաքացիներին ազատորեն իրացնել իրենց իրավունքները:

«Իրավիճակը այդ երկրում իսկապես բավական մտահոգիչ է», – փաստաթղթի քննարկման ժամանակ փաստել է բրիտանացի պատգամավոր Չալզ Թանոքը՝ մանրամասնելով. «Այժմ մենք լսում ենք հաղորդումներ լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ հարձակումների ու բռնությունների մասին: Սա նոր զարգացում չէ, այդուամենայնիվ, ևս մեկ անգամ հստակ հիշեցնում է մեզ Ալիևի վարչակազմի իրական դեմքը: Թեև այդ երկիրը պարտավորություններ է ստանձնել ժողովդրավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ լինելու վերաբերյալ, այդուամենայնիվ, իրականությունը բոլորովին այլ է»:

«Ադրբեջանը բյուրավոր նավթադոլարներ է ծախսում` ապացուցելու միջազգային հանրությանը, որ ժողովրդավար է, սակայն մենք այդ խայծը կուլ չենք տալիս», – ընդգծել է եվրոպացի պատգամավորը:

Սլովակ պատգամավոր Էդուարդ Կուկանն էլ կոչ է արել Ադրբեջանից բացի այս խնդիրները դիտարկել տարածաշրջանի մյուս երկրներում ևս: «Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ ու պատասխանատու լինի Հարավային Կովկասում», – ընդգծել է նա:

«Ոչ միայն Ադրբեջանը, այլև տարածաշրջանի մյուս երկրները ևս պետք է հստակ ուղերձներ ստանան մեր կողմից առ այն, որ մարդու իրավունքների ոտնահարումները որևէ կերպ չեն հանդուրժվելու, և եթե նրանք ուզում են համագործակցել Եվրամիության հետ, պետք է հետեւեն եվրոպական արժեքներին: Ես ուզում եմ նաև հիշեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թեժացման մասին։ Իրավիճակն այնքան է սրվել, որ առաջացել է անվտանգության սպառնալիք՝ ողջ տարածաշրջանի համար: Այնպես որ, անհրաժեշտ է, որ Եվրամիությունը ավելի ակտիվ և պատասխանատու լինի տարածաշրջանում՝ խույս տալու այն հետևանքներից, որոնք մենք տեսանք ռուս – վրացական պատերազմի արդյունքում», – հայտարարել է սլովակ խորհրդարանականը:

Tekali Taxi